


Արմինֆո. Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհն անվտանգ է: Այդ մասին նոյեմբերի 1-ին խորհրդարանում լրագրողներին հավաստիացրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը:
Նրա ասելով, ինքը նախօրեին է վերադարձել Սյունիքից, եւ, չնայած "այնտեղ կանգնած են հարեւան երկրի ներկայացուցիչները", ճանապարհը բացարձակ անվտանգ է ՀՀ քաղաքացիների համար: Անդրադառնալով հարցին, թե՝ ՀՀ քաղաքացիները պարբերաբար ահազանգում են, որ իրենց ճանապարհի այդ հատվածում ոչ միայն կանգնեցնում են, զննում տրանսպորտային միջոցները, այլև հարվածում են մեքենաներին, Հակոբյանը պատասխանել է, որ նման տեղեկություն չունի:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին, ժամը 12:00-ից, Ադրբեջանը սկսել է իրանական համարանիշներով բեռնատարները կանգնեցնել Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտան գյուղի հարակից հատվածում և պահանջել երթեւեկության վարձ: Ինչպես հաղորդել են Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեից, Բաքուն վերահսկողություն է սահմանել Սյունիքի մարզով անցնող Գորիս-Կապան ճանապարհահատվածում' "ադրբեջանական հարկային օրենսգրքին համապատասխան": Իսկ տրանսպորտային միջոցները հարկվում են ճանապարհային հարկով, ինչպես նաեւ պետական տուրքով ՝ Ադրբեջանի տարածքում միջազգային ավտոմոբիլային փոխադրումները կարգավորող թույլտվություն ստանալու համար"։
Սեպտեմբերի կեսերին Գորիս-Կապան ճանապարհի տվյալ հատվածում ադրբեջանցի զինվորականները կանգնեցրել և ստուգել են ղարաբաղցի երեխաներին տեղափոխող միկրոավտոբուսը։ Ադրբեջանցիները շատ լկտի կերպով ստուգել են դեռահասների հեռախոսները՝ ինչ-որ ձայնագրություն գտնելու պատրվակով, դանակի հարվածով կտրել են Արցախի դրոշը ավտոբուսից։ Վարորդներից ահազանգեր են եղել նաև այն մասին, որ իրենց ոչ միայն կանգնեցնում են, այլև տուգանքներ են գրում։



