Արմինֆո.Հայաստանը պատրաստ է սկսել սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթաց, դրական ազդակներ է սպասում Ադրբեջանից։ Այդ մասին հոկտեմբերի 28-ին կառավարության նիստից հետո հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
"Մենք պատրաստ ենք սկսել սահմանագծման եւ սահմանազատման գործընթացը, պատրաստ ենք քննարկել աշխատանքային խմբի բոլոր առաջարկները ", - հայտարարել է նա: Նրա խոսքով, դրա համար կարեւոր մոտեցումներից մեկը Հայաստանի եւ Ադրբեջանի զորքերի հայելային հեռացումն է, երկու երկրների սահմանապահների տեղակայումը կոնկրետ տարածքներում, որից հետո հնարավոր կլինի գործընթացի մեկնարկը տալ: Ընդ որում, ինչպես նշել է ԱԽ քարտուղարը, մինչեւ նոյեմբերի 10-ը այդ ուղղությամբ ոչինչ չի պլանավորվում:
Հարցին, թե ինչն է խանգարում սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց սկսել, Գրիգորյանը պատասխանել է, որ "Հայաստանի Հանրապետության համար այս պահին որեւէ խոչընդոտող հանգամանք չկա": "Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք սկսել սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց։ Դրական ազդակի ենք սպասում Ադրբեջանից այդ մասով", - ասել է նա, հավելելով, որ Ադրբեջանը դեռևս սեպտեմբերին ՄԱԿ-ում հայտարարել էր այդ մասին, սակայն գործընթացը առաջ չի ընթանում:
Պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք գործընթացը սկսելու նախապայման դառնալ ադրբեջանական զորքերի հետքաշման պահանջը, Գրիգորյանը պատասխանել է, որ դժվարանում է ասել, թե ինչու Ադրբեջանը չի սկսում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը: