Արմինֆո. Այս պահին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ հանդիպում չի նախատեսվում:
Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանի նիստում կառավարությանը հարցերի եւ պատասխանների ընթացքում՝ անդրադառնալով Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մակարդակով նոյեմբերի 9-ին կայանալիք հանդիպման եւ հաշտության համաձայնագրի ստորագրման մասին ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկություններին։
"Ընդ որում, մշտապես քննարկվում են վերոնշյալ կազմով հանդիպումների կազմակերպման տարբեր ձևաչափերի վերաբերյալ առաջարկներ։ Ենթադրաբար, նման հնարավոր հանդիպումների արդյունքում կարող է պայմանավորվածություն ձեռք բերվել որևէ տեքստ հրապարակելու մասին, սակայն ԶԼՄ-ներում քննարկվող այս երկու բովանդակությամբ փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում (հաշտության համաձայնագիր և սահմանազատման ու սահմանագշման գործընթացի մեկնարկի մասին փաստաթուղթ - խմբ.)", - ասել է ԱԳ նախարարը, հիշեցնելով, որ արտաքին քաղաքական գերատեսչությունը հանդես է եկել այդ հարցի վերաբերյալ ծավալուն մեկնաբանությամբ:
Միեւնույն ժամանակ, Արարատ Միրզոյանը նշել է, որ այդ հանդիպումները գործնական նշանակություն ունեն հայկական կողմի համար հետպատերազմյան հումանիտար հարցերի լուծման եւ, առաջին հերթին, Ադրբեջանում պահվող ռազմագերիներին եւ խաղաղ բնակիչներին անհապաղ ազատ արձակելու, ինչպես նաեւ հայկական կրոնակամշակութային ժառանգության պահպանությունն ապահովելու համար: "Այդ հանդիպումները նաեւ հնարավորություն են թուլացնելու լարվածությունը տարածաշրջանում, փորձելու երկարատեւ ջանքեր գործադրել երկարաժամկետ կայունություն եւ խաղաղություն ապահովելու համար։ Սա է նման հանդիպմանը մասնակցելու մեր մոտիվացիան", - նշել է նա։
Ընդ որում, արտգործնախարարը հավաստիացրել է, որ դռնփակ բանակցությունների ընթացքում Հայաստանի դիրքորոշումը 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ վարչապետի գլխավորած կառավարող քաղաքական ուժի կողմից հրապարակավ հայտարարված դիրքորոշմանը, և իրենք ոչ մի միլիմետր չեն նահանջում։
Նշենք, որ նախորդ շաբաթվա վերջին ԶԼՄ-ներում տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ նոյեմբերի 9-ին նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպում՝ Ռուսաստանի միջնորդությամբ, որի ընթացքում կստորագրվի հաշտության պայմանագիր, որը, ի թիվս այլ բաների, ենթադրում է սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի սկիզբ: Տեղեկատվական լցոնումն արվել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի կայքի միջոցով։