Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում կառավարական ժամի ընթացքում, պատասխանելով "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին, պատմել է, թե որ պահին է պարզ դարձել, որ ՀՀ-ն պատերազմի շեմին է:
Վարչապետի խոսքով, այն մասին, որ Հայաստանը պատերազմի շեմին է, ՀՀ ղեկավարությանը պարբերաբար զեկուցվել է, մասնավորապես, 2011 թվականի Կազանի գագաթաժողովից հետո, 2018 թվականին, իր կողմից վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո: "Պատերազմի հնարավոր մեկնարկի մասին տեղեկություններ ստացվել են գրեթե ամենօրյա ռեժիմով։ Սակայն այդ հաղորդագրությունները ֆիլտրվում էին համապատասխան ինստիտուտների կողմից ՝ ավելի կոնկրետ գնահատական տալու համար", - նշել է նա։
44-օրյա պատերազմի հնարավոր մեկնարկի մասին տեղեկությունը, Փաշինյանի խոսքով, ստացվել է մարտական գործողությունների սկսվելուց երկու օր առաջ։ "Եղել է ռադիոորսում, մի առաջարկ, որը մեզ բավականին հավաստի թվաց", - նշել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած "Հայաստան" խմբակցության մեղադրանքներին ՝ Լեռնային Ղարաբաղի սուբյեկտայնությունը նվազեցնելու վերաբերյալ: "Ես զարմանում եմ, որ այդ մասին խոսում են "Հայաստան" դաշինքի անդամները: Կներեք, բայց դուք Արցախը դուրս եք մղել բանակցություններից՝ 1999 թվին։ Եվ դա միջազգայնորեն արձանագրված փաստ է", - ընդգծել է նա։
Նրա խոսքով ՝ նույն տրամաբանությամբ խմբակցությունն իրավունք չունի խոսել Արցախի տարածքների 70 տոկոսից ավելին ներկայիս իշխանության մեղքով կորցնելու մասին, քանի որ այդ տարածքները, ինչպես նշել է Փաշինյանը, բանակցությունների առարկա են եղել նախկին իշխանությունների օրոք: Փաշինյանը հերթական անգամ ընդդիմությանը հիշեցրել է, որ հենց "նախկինների" իշխանության օրոք է ընդունվել "ՀՀ վարչատարածքային բաժանման մասին" օրենքը:
Թեթեւ լեզվակռվից և փոխադարձ կշտամբանքներից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ "հարցեր են տրվում, իմանալով, որ բաց ռեժիմով դժվար է դրանց պատասխանել": Այդ առնչությամբ կառավարության ղեկավարն ընդդիմադիր խմբակցություններին ողջ կազմով հրավիրել է դռնփակ հանդիպման։