Արմինֆո."Քաղաքացիական պայմանագիր" կառավարող խմբակցությունը հոկտեմբերի 27-ին չի մասնակցել «Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված վիճակի վերաբերյալ» Ազգային ժողովի հայտարարության նախագծի շուրջ քվեարկությանը՝ փաստաթղթում ներքաղաքական գնահատականների պատճառով ՝ դրանով իսկ տապալելով այն:
Նախօրեին խորհրդարանի պատգամավորների ընդհանուր թվի 1/5-րդի առաջարկով աշխատանքային օրվա ավարտին տեղի է ունեցել "Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում և սահմանագծման հարցերը" թեմայի շուրջ փակ քննարկում: Որպես համազեկուցողներհանդես են եկել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը: Քննարկման ավարտին "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն արձանագրել է, որ այսօր առանց որեւէ իրավական հիմքի, Ադրբեջանի պարտադրանքով սահմանազատում է տեղի ունենում:
Ինչպես հայտարարել է հայտարարության նախագծի զեկուցող, "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, փաստաթղթում, որը մշակվել է, այդ թվում, փակ քննարկման արդյունքներով, Ազգային ժողովը դատապարտում է 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ զինված ագրեսիան ՝ վարձկանների և ահաբեկիչների ներգրավմամբ, Բաքվում պահվող գերիների և պատանդների նկատմամբ միջազգային իրավունքի կոպիտ խախտումները, Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքների զավթումը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժումը, ուժի կամ դրա կիրառման սպառնալիքի շարունակական կիրառումը: Հայ խորհրդարանականները փաստաթղթում դատապարտում են նաև Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանության հայատյացության չդադարող հռետորաբանությունը, Բաքվի կողմից միակողմանի և խեղաթյուրված տեղեկատվություն տալը միջազգային հանրությանը: Այս քաղաքականությունը, ինչպես նշվում է հայտարարության մեջ, ուղեկցվում է Հայաստանի և Արցախի տարածքի նկատմամբ նկրտումներով։
Պետական սահմանները, ինչպես ասվում է փաստաթղթում, որոշվում են միջազգային իրավունքի հիման վրա՝ ՄԱԿ-ի Վիեննայի կոնվենցիայի հիման վրա, որի համաձայն, ի թիվս այլ բաների, անվավեր է ուժի կիրառման կամ կիրառման սպառնալիքին առնչվող սահմանների մասին ցանկացած համաձայնագիր։ ՀՀ ԱԺ պատգամավորները կարծում են, որ տարածաշրջանում խաղաղության հաստատման գլխավոր պայմանը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրացումն է իր պատմական հայրենիքում, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով Արցախի գրավված տարածքների ապաօկուպացումը:
Խորհրդարանականները կոչ են անում առաջնորդվել ՀՀ Սահմանադրությամբ, ըստ որի, Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխության հետ կապված հարցերը լուծվում են բացառապես հանրաքվեի միջոցով։ ՀՀ-ի համար անընդունելի է ցանկացած փաստաթղթի ստորագրում, որը ենթադրում է Արցախի Հանրապետության ընդգրկում Ադրբեջանի կազմում, ասվում է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նաև կոչ է արվում ՀՀ կառավարությանը զերծ մնալ ցանկացած բանակցություններից, գրավոր կամ բանավոր պայմանավորվածություններից, որոնք խախտում են ՀՀ Սահմանադրության պահանջները և Անկախության հռչակագրում արտահայտված հայ ժողովրդի կամքը, Ազգային ժողովին տրամադրել հավաստի խորհրդարանական տեղեկատվություն և ապահովել առավելագույն հրապարակայնություն երկրի զինված ուժերում բարեփոխումների իրականացման և ՀՀ անվտանգությանը վերաբերող հարցերում:
"Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել է, որ քաղաքական մեծամասնությունը հայտարարության նախագիծը ստացել հոկտեմբերի 26-ին՝ օրվա երկրորդ կեսին, երբ ընդդիմադիր երկու խմբակցությունները հայտարարությունը պատրաստել են ամբողջությամբ: "Քաղաքական մեծամասնությունը որևէ կերպ չի մասնակցել մշակման գործընթացին", - ասել է նա:
Պատգամավորի խոսքով, չնայած երեկ բաաավականին ուշ են ստացել հայտարարության նախագիծը, իրենք փորձել են գործընկերների հետ համագործակցությամբ մշակել նախագծի կոնսենսուսային տարբերակը, սակայն դա չի հաջողվել։ "Մենք նախագծի դրույթների և թեզերի հետ կապված խնդիրներ չենք տեսնում, որոնք վերաբերում են Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, ռազմական հանցագործություններին և Ադրբեջանի անմարդկային գործողություններին։ Ավելին, խորհրդարանական մեծամասնությունը բոլոր խողովակներով, գործադիր իշխանությունը բոլոր մակարդակներում պայքարում է հիշյալ խնդիրների միջազգային լուսաբանման, խնդիրների լուծման համար", - ասել է Կոնջորյանը։
Դրա հետ մեկտեղ, կառավարող խմբակցության կարծիքով, հայտարարությունը պարունակում էր նաեւ ներքաղաքական բովանդակությամբ հայտարարություններ, մոտեցումներ, որոնք, ըստ ՔՊ-ի, չեն կարող ընդգրկվել այդ հայտարարության մեջ: Խորհրդարանական ուժերն այդպես էլ չեն կարողացել փոխհամաձայնության հասնել այդ դրույթները հայտարարության տեքստից հանելու հարցում, նշել է նա։ "Այդ պատճառով մենք չենք մասնակցի քվեարկությանը", - հայտարարել է Կոնջորյանը։ Արդյունքում ՝ հայտարարության ընդունմանը կողմ է քվեարկել 26 պատգամավոր։