Արմինֆո. Հայաստանի անկախության առաջին իսկ օրվանից Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանը երբեք նախապայմաններ չի ներկայացրել՝ պնդելով առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման անհրաժեշտության վրա։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը՝ «CONFLITS» պարբերականի հետ հարցազրույցում:
«Հակառակ Հայաստանի կառուցողական դիրքորոշմանը՝ Թուրքիան տասնամյակներ շարունակ որդեգրել է նախապայմանների առաջադրման քաղաքականություն, ինչի պատճառով հարաբերությունները մինչ այսօր կարգավորված չեն։ Այսօր ևս Հայաստանի քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չկա. հակառակ նախորդ տարվա պատերազմի ընթացքում Թուրքիայի անմիջական ներգրավվածությանը և տարածաշրջանում Թուրքիայի անկայունացնող դերակատարությանը՝ մենք այսօր էլ պատրաստ ենք Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, քանի որ այն բխում է տարածաշրջանի անվտանգության և տնտեսական զարգացման շահերից։
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ապա մենք այդ հարցը դիտարկում ենք այլ հարթության վրա՝ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների կարգավորման հարցից դուրս։ Այս տարի Հայոց ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ-ի կողմից նոր՝ ավելի ամբողջական պատկեր է հաղորդել ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։ Կարող ենք փաստել, որ այսօր թե՛ միջազգային առանցքային դերակատարների մեծ մասը և թե՛ միջազգային պատմագիտական համայնքն աներկբայորեն ճանաչում են 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները որպես ցեղասպանություն։ Այնպես որ, այս հարցում գնդակը գտնվում է թուրքական պետության դաշտում։ Վստահ ենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը միմիայն կնպաստի տարածաշրջանում լարվածության լիցքաթափմանը և անվտանգային համակարգի ամրապնդմանը», - ընդգծել է դեսպանը։