Արմինֆո.Ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում անվտանգության կարևորագույն գործոն է, և Հայաստանն ապահովում է բոլոր անհրաժեշտ պայմանները խաղաղապահական առաքելության անխոչընդոտ գործունեության համար՝ ի տարբերություն Ադրբեջանի, որը բոլոր առիթներն օգտագործում է խաղաղապահ առաքելության նպատակահարմարությունը և արդյունավետությունը հարցականի տակ դնելու համար։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը՝ «CONFLITS» պարբերականի հետ հարցազրույցում:
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը կարևոր դերակատարում ունեցավ նախորդ տարի Արցախի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում, և ներկայումս ռուս խաղաղապահներն իրենց առաքելությունն են իրականացնում Լեռնային Ղարաբաղում՝ աջակցելով Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովմանը և բնականոն կյանքի վերականգնմանը:
«Միևնույն ժամանակ Հայաստանը շարունակում և շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և պաշտպանել արցախահայության հիմնարար իրավունքները։ Արցախի անվտանգությունն ապահովում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը։ Հայաստանի կառավարությունն իր հերթին ջանք չի խնայում նախորդ տարվա պատերազմի հետևանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ համագործակցությամբ իրականացվում են Արցախում տնտեսական կյանքի ակտիվության վերականգնմանը և բնակչության սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված հրատապ ծրագրեր», - նշել է դեսպանը։
Անդրադառնալով ներկա իրավիճակում Արցախի միջազգային ճանաչման համար պայքարը շարունակելու նպատակահարմարությանն առնչվող հարցին՝ Տոլմաջյանն արձանագրել է, որ հայկական կողմն այսօր, նախևառաջ, կենտրոնացած է նախորդ տարվա պատերազմից հետո ստեղծված հումանիտար խնդիրների լուծման վրա։ «Հատկապես հրատապ է Ադրբեջանում անօրինական կերպով պահվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ հայրենիք վերադարձնելու հարցը, որոնց Բաքուն, ի խախտումն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային մարդասիրական իրավունքի ճանաչված նորմերի, հրաժարվում է վերադարձնել, ավելին՝ հրապարակայնորեն չի թաքցնում, որ պահում է նրանց քաղաքական առևտուր անելու նպատակով։ Մեզ այս հարցը շատ է մտահոգում, քանի որ փաստագրված է, որ Ադրբեջանում հայ ռազմագերիներն ամենօրյա խոշտանգումների են ենթարկվում ՝ իրենց էթնիկ պատկանելիության հիմքով։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, ապա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը եղել և մնում է հիմնախնդրի կարգավորման առանցքային հարցերից մեկը, որը մինչ այսօր լուծված չէ։ Հայաստանը վճռականորեն հետամուտ է լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Արցախի կարգավիճակի հարցի լուծմանը և հետևողականորեն առաջ է մղելու Արցախի ժողովրդի ինքնորոշման, իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքի իրացման անհրաժեշտությունը: Այս համատեքստում կցանկանայի հիշեցնել, որ շուտով կլրանա Ֆրանսիայի Սենատի՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության» վերաբերյալ պատմական բանաձևի առաջին տարեդարձը։ Նշված բանաձևը, ինչպես նաև Ֆրանսիայի ԱԺ ընդունած համանման բանաձևը, ցույց տվեցին, որ Ֆրանսիան և ֆրանսիական հասարակությունը չեն ցանկանում անտարբեր մնալ հայ ժողովրդի դեմ ադրբեջանաթուրքական ուժերի ագրեսիայի պայմաններում և պաշտպանում են հակամարտության արդարացի ու խաղաղ լուծման ճանապարհը։ Այդ բանաձևերը կարևոր նշանակություն ունեն Լեռնային Ղարաբաղի միջազգային կարգավիճակի հստակեցման և, հետևաբար, Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի պաշտպանության հարցերում», - ընդգծել է դեսպանը։
Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը՝ Տոլմաջյանը համաձայնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, չնայած գործադրված ջանքերին և հրադադարի փորձերին, չհաջողվեց կանխել և արագ կանգնացնել նախորդ տարի Ադրբեջանի կողմից Թուրքիայի մասնակցությամբ և միջազգային ահաբեկիչ զինյալների ներգրավմամբ Արցախի դեմ սանձազերծված պատերազմը։ «Չնայած դրան՝ ներկայումս առկա են բարենպաստ պայմաններ համանախագահության ձևաչափի աշխատանքների լիարժեք վերականգնման համար, ինչը Հայաստանը միայն ողջունում է։ Մինսկի խմբի համանախագահները միջազգային հանրության կողմից օժտված են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մանդատով, իսկ հիմնախնդրի առանցքային հարցերից մեկը, ինչպես արդեն առիթ ունեցա նշելու, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, որը մնում է չլուծված։ Հետևաբար՝ Մինսկի խմբի համանախագահությունն այս հարցում դեռ կարևոր դերակատարում ունի։ Սեպտեմբեր ամսին Նյու Յորքում Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումն առաջին քայլն էր կարգավորման գործընթացը լիարժեք վերականգնելու հարցում։ Հայաստանը ողջունում է այդ հանդիպման անցկացումը և հուսով է, որ համանախագահների ներգրավմամբ շփումները շարունակական կլինեն», - ասել է դեսպանը, հավեելելով, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ֆրանսիայի մասնակցությունը Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին։ «Ֆրանսիան այս ֆորմատում ունի ընդգծված կառուցողական ու հավասարակշռված ազդեցություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, ինչը մենք բարձր ենք գնահատում», - հայտարարել է Տոլմաջյանը։