Արմինֆո. Փողերի լվացման դեմ պայքարի միջազգային աշխատանքային խումբը (FATF) Թուրքիան ներառել է այն երկրների ցանկում, որոնց պետք է "ավելի ուշադիր հետեւել", հաղորդում է DW-ն: FATF-ի "գորշ ցուցակում" ընդգրկվելը նշանակում է փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում խնդիրների առկայություն։
Թեեւ Անկարան վերջին տարիներին զգալի առաջընթաց է գրանցել փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում, երկրում դեռեւս լուրջ խնդիրներ կան ֆինանսական ինստիտուտների նկատմամբ թուրքական իշխանությունների վերահսկողության ոլորտում, հոկտեմբերի 21-ին հայտարարել է FATF-ի նախագահ Մարկուս Փլայերը:
Մասնավորապես, Փլայերը հիշեցրել է, որ Անկարան հայտարարել է փողերի լվացման դեմ պայքարի բարելավման ուղղությամբ ջանքերը շարունակելու իր վճռականության մասին: Նա Թուրքիայի կառավարությանը կոչ է արել կատարել այդ պարտավորությունը։
Անկարան FATF-ի որոշումը անարդար է որակել: Թուրքիան բողոք է հայտնել FATF-ի ցուցակում ընդգրկվելու դեմ: Անկարայում արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ վարկանիշում ընդգրկվելը "անարդար" է, եւ թվարկել է ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարելու համար կառավարության ձեռնարկած միջոցները:
FATF-ի, այսպես կոչված, "գորշ ցուցակում" ընդգրկված է 39 պետություն։ Ըստ կազմակերպության դասակարգման՝ այդ երկրների կառավարությունները բավարար ջանքեր չեն գործադրում փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարելու համար։ Բացի Թուրքիայից, ցուցակում են հայտնվել Հորդանանն ու Մալին։ Միևնույն ժամանակ, Բոտսվանան և Մավրիկիոսը հեռացվել են վարկանշային ցուցակից։
FATF-ի "գորշ ցուցակում" ընդգրկվելը կարող է հանգեցնել պետությունների հեղինակության կորստի եւ զսպող ազդեցություն ունենալ օտարերկրյա ներդրողների վրա: Թուրքիային ցուցակում ընդգրկելու FATF-ի որոշումը կայացվվել է երկրում ծանր տնտեսական ճգնաժամի, թուրքական լիրայի շարունակվող արժեզրկման եւ ինֆլյացիայի աճի ֆոնին: