Արմինֆո.Արցախի Հանրապետության նախագահի կողմից Պաշտպանության բանակի՝ ադրբեջանական կողմի պահանջով, իբր, ցրման մասին ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում «Շուշիից բռնի տեղահանված հայ բնակչություն» ՀԿ խորհրդի անդամ Աշոտ Հարությունյանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում։
Այդ մասին հաղորդել է ԱՀ նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ «Արցախպրեսի» թղթակցի ճշգրտող հարցմանն ի պատասխան։
«Արցախի պաշտպանության բանակը եղել և մնում է Արցախի Հանրապետության անվտանգության հիմնական երաշխավորներից մեկը: Հենց այս պահին մեր զինվորները կանգնած են դիրքում՝ թշնամուն դեմ հանդիման: Պաշտպանության բանակը ցրելու վերաբերյալ որևէ հարց Արցախի իշխանության օրակարգում չկա: Պաշտպանության բանակին վերաբերող բոլոր քննարկումները կապված են վերակազմավորման, վերազինման, արդիականացման և այլ հարցերի հետ: Մենք բազմաթիվ անելիքներ ունենք մեր ապագան կառուցելու համար, և բանակն այդ գործում առանցքային տեղ ունի»,- ասել է Լուսինե Ավանեսյանը։
Ավելի վաղ Աշոտ Հարությունյանը Հայաստանի խորհրդարանում հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իրեն հաղորդել է, որ մտադիր է ցրել բանակը: «Ես նրան հարցրեցի. "Իսկ ո՞վ է քեզ նման իրավունք տվել: Ինչին նա պատասխանեց. "Ադրբեջանցիները պահանջում են": Ադրբեջանցիները շատ բան են ուզում։ Թող գլուխը պատին տան։ Դու պետք է պահես մեր բանակը։ Եվ այո, մեր ներկայացուցիչները պահանջում են ԼՂՀ-ի համար միջանկյալ կարգավիճակի անհապաղ ճանաչում։ Այո, շատերը դա վաղաժամ են համարում։ Ինձ, նույնիսկ, Եվրոպայից իմ ընկերները զանգահարում են եւ խնդրում են այդ հարցը չբարձրացնել։ Այնուամենայնիվ, ես անընդհատ ասում եմ, որ այս հարցը մեզ համար շատ կարևոր է", - ասել էր ՀԿ անդամը, հավելելով, որ եթե Հայաստանը ժամանակին ճանաչեր Արցախի անկախությունը, ապա կհաջողվեր խուսափել Ադրբեջանի հետ պատերազմից ։