Արմինֆո.Ի պատասխան որոշ լրատվամիջոցների կողմից շրջանառվող այն տեղեկությունների, թե, իբր, Կապանի Փելա սարը հանձնվել է Ադրբեջանին՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացում է, որ Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել, և ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը նշված հատվածում։ Այդ մասին ասվում է ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրությունում:
Նշենք, որ շաբաթ օրը "Հայաստան" դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը հաղորդել էր, որ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են Ադրբեջանի լիակատար վերահսկողությանը հանձնել Փելա սարը, ինչի հետեւանքով Կապանի շրջանի մի քանի գյուղերի բնակիչները կհայտնվեն ադրբեջանական զինուժի անմիջական թիրախում: Արդեն այսօր Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հայկական ԶԼՄ-ներին հաղորդել է, որ սարն ամբողջությամբ անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչի արդյունքում փակվել է նաև հարակից գյուղերի բնակիչներին սպասարկող ճանապարհը: Նա նաեւ նշել է, որ բարձունքը հանձնելու մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռ 2021 թվականի ձմռանը, թեեւ, նույնիսկ, Google-ի քարտեզներով բարձունքի մեծ մասը գտնվում է ՀՀ տարածքում: