Արմինֆո.Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով օգնական, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի գլխավորած պատվիրակության հետ:
Ինչպես հաղորդում է APA-ն, Ադրբեջտանի պաշտպանության նախարարը հյուրերին մանրամասն տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի արդյունքում ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող աշխատանքների, ինչպես նաեւ ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակի մասին: Հասանովը գոհունակություն է հայտնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ընթացիկ մակարդակից, ձեռք բերված դրական արդյունքներից եւ կարեւորել փոխգործակցության հետագա զարգացումը:
Կոլոմինան, իր հերթին, ՆԱՏՕ-ի պատրաստակամությունն է հայտնել համապատասխան աջակցություն ցուցաբերելու տարածաշրջանում խաղաղության ապահովման հարցում:
Կողմերը քննարկել են նաեւ հետպատերազմյան իրավիճակը եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: