Արմինֆո. ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Ռուսաստանին կոչ է արել կատարել 2008թ. հրադադարի մասին համաձայնագիրը։
Այդ մասին Պենտագոնի ղեկավարը հայտարարել Է Թբիլիսիում՝ պատասխանելով Հարավային Կովկասում "3+3" նախաձեռնությանը Վրաստանի հնարավոր մասնակցության մասին հարցին։ "Նախքան ինչ-որ նոր պլատֆորմի մասին խոսելը՝ Ռուսաստանը պետք է կատարի հրադադարի մասին 2008 թվականի համաձայնագիրը", - ասել է Օսթինը ՝ Ռուսաստանին մեղադրելով "օկուպացիայի" համար։ Նա նաեւ նշել է, որ "ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը հաստատակամ է եւ անփոփոխ": Խոսելով Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի հետ այսօր ստորագրված հուշագրի մասին՝ Օսթինն ասել է, որ փաստաթուղթը "մեկ անգամ եւս վկայում է երկու երկրների միջեւ պաշտպանական եւ այլ ոլորտներում խորացված համագործակցության մասին": Պատասխանելով Թբիլիսի այցի նպատակի մասին հարցին՝ Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ կցանկանար ընդգծել "երկրների միջեւ լավ գործընկերային հարաբերությունները":
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը բարձր է գնահատում Վրաստանը՝ որպես ուժեղ ռազմավարական գործընկերոջ։ Միեւնույն ժամանակ, ԱՄՆ պաշտպանության նախարարը պատմել է "Վրաստանի պաշտպանությունը եւ զսպումը" նոր նախաձեռնության մասին: "Այսօր ես պատիվ ունեմ Վրաստանի պաշտպանության նախարարի հետ միասին հայտարարել Վրաստանի պաշտպանության եւ զսպման նախաձեռնության մասին։ Այս նախաձեռնությունը կդառնա կենտրոնական, մի կողմից, ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի եւ, մյուս կողմից, Վրաստանի պաշտպանության նախարարության եւ Վրաստանի պաշտպանության ուժերի միջեւ համագործակցության համար: Սա նշանավորում է երկկողմ համագործակցության իսկապես նոր հետաքրքիր փուլ մեր երկրների միջեւ՝ անվտանգության ոլորտում: Մենք անպայման կօգտվենք Վրաստանի պաշտպանական ծրագրից եւ կշարունակենք աջակցել պաշտպանական ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումներին։ Կուժեղացնենք արդյունավետ զսպման և պաշտպանության համար անհրաժեշտ ունակություններն ու հմտությունները։ Մենք նաեւ կաջակցենք ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի փոխգործակցության հնարավորությանը",- հայտարարել է Լլոյդ Օսթինը, հաղորդում է "Գրուզիա օնլայնը"։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ կողմերը քննարկել են "3+3" ձեւաչափի ստեղծման հնարավորությունը: Ինչպես նշել էր ռուս նախարարը, իրանական կողմը դրական վերաբերմունք է հայտնել այդ գաղափարի նկատմամբ, եւ նույն վերաբերմունքն է դիտվում Ադրբեջանում եւ Թուրքիայում: ՌԴ-ն աշխատում է Հայաստանի գործընկերների հետ, ինչպես նաեւ հույս ունի, որ Վրաստանն էլ կկարողանա տեսնել իր արմատական շահերը նման մեխանիզմի ստեղծման հարցում: Իր հերթին՝ Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին, մեկնաբանելով Լավրովի հայտարարությունը, նշել էր, որ Թբիլիսիի համար դժվար կլինի Ռուսաստանի հետ միասին մասնակցել "3+3" ձեւաչափով, այնուամենայնիվ, երկիրը ինչ-որ ձեւով պետք է ներկայացված լինի խոշոր աշխարհաքաղաքական նախագծերում: