Արմինֆո. Վրաստանն առայժմ պաշտոնապես չի արձագանքել Անդրկովկասի վերաբերյալ "3+3" ձեւաչափի ստեղծման առաջարկին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։
"Վրաստանը պաշտոնապես չի արձագանքել։ Սակայն վերջին ժամանակներս Վրաստանը հայտարարել է այդ մեխանիզմին իր մասնակցությամբ շահագրգռված չլինելու մասին", - ասել է Ռուդենկոն լրագրողների հետ զրույցում, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:
Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Ռուսաստանը մեխանիզմը դիտարկում է որպես շատ կարեւոր, խոստումնալից, հեռանկարային ձեւաչափ, որտեղ կարելի է քննարկել անվտանգության տարածաշրջանային խնդիրները՝ տարածաշրջանի պետությունների մասնակցությամբ:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ կողմերը քննարկել են "3+3" ձեւաչափի ստեղծման հնարավորությունը: Ինչպես նշել էր ռուս նախարարը, իրանական կողմը դրական վերաբերմունք է հայտնել այդ գաղափարի նկատմամբ, նույն վերաբերմունքն է նկատվում Ադրբեջանում եւ Թուրքիայում: ՌԴ-ն աշխատում է Հայաստանի գործընկերների հետ, ինչպես նաեւ հույս ունի, որ Վրաստանն էլ կկարողանա տեսնել իր արմատական շահը նման մեխանիզմի ստեղծման հարցում:
Իր հերթին՝ Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին, մեկնաբանելով Լավրովի հայտարարությունը, նշել է, որ Թբիլիսիի համար դժվար կլինի Ռուսաստանի հետ միասին մասնակցել "3+3" ձեւաչափին, այդուհանդերձ, երկիրն ինչ-որ ձեւով պետք է ներկայացված լինի խոշոր աշխարհաքաղաքական նախագծերում: