Արմինֆո. Հոկտեմբերի 15-ին, ժամը 15։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, մասնավորապես, Երասխ գյուղի, և այդ հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով այրվել են գյուղի բնակիչներից մեկի անասնագոմը և խոտի դեզերը։
Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը: «ՀՀ ԶՈւ անձնակազմի և քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան», - ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14 - ին Մինսկում ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: "Հաշվի առնելով 2020թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի եւ ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին հայտարարության ընդունման մոտալուտ տարեդարձը՝ տեղի է ունեցել եռակողմ պայմանավորվածությունների կատարման ամփոփում: Արձանագրվել է, որ նշված հայտարարության դրույթների մեծ մասը հաջողությամբ իրականացվում է։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել աշխատանքները մնացած հարցերի շուրջ: Ռուսական կողմը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության կողմից երկու երկրների հարաբերությունների կարգավորման փոխադարձ տրամադրվածությունը: Վերահաստատել է այդ գործընթացին ամեն կերպ աջակցելու պատրաստակամությունը ինչպես ազգային, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով", - ասվում էր ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ։