Արմինֆո. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, մեկնաբանելով Արցախում տեղի ունեցած միջադեպերը, նշել է ադրբեջանական զինուժի գործողությունների միտումնավոր բնույթը: Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջում զետեղված մեկնաբանությունում ասվում է.
«Պետք է կարևոր փաստ նկատի ունենալ. երեկվա միջադեպը եղել է Արցախի Նորշեն համայնքի ուղղությամբ, որին ամենամոտն են գտնվում ադրբեջանական զինված ուժերի դիրքերը: Կրակողներ են եղել նաև Արցախի Հարավ և մի շարք այլ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ:
Ադրբեջանական զինված ծառայողները (Զինված ուժեր, Սահմանապահ ծառայություն, թե այլ զինվորականներ) նույն բնույթի հանցավոր ոտնձգություններ են կատարում նաև Հայաստանի սահմանային բնակավայրերի նկատմամբ:
Երկու դեպքում էլ մտադրված ոտնահարվում են խաղաղ բնակիչների կյանքի իրավունքն ու անվտանգությունը, խաթարված է մարդկանց բնականոն կյանքը, ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունը, ազատ տեղաշարժը ճանապարհներով և այլն: Ընդ որում, տեղի են ունենում ոչ միայն կրակոցներ, այլ նաև գողություններ, մարդկանց գույքի դիտավորյալ ոչնչացում, գյուղատնտեսական աշխատանքների խոչընդոտներ և այլն:
Թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի դեպքում զինծառայողներն անմիջականորեն պաշտպանում են մեր խաղաղ բնակիչների կյանքի իրավունքն ու անվտանգությունը, նրանց խաղաղ ապրելու, սեփականության, ընտանիքի եկամուտը վաստակելու և մյուս կենսական իրավունքները:
Երկու դեպքում էլ հանցավոր ոտնձգությունների, մարդկանց իրավունքների կոպիտ խախտումների հիմքը, սնուցման աղբյուրը մեկն է. ադրբեջանական իշխանությունների հայատյացության ու թշնամանքի, էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականությունը: Այս քաղաքականությունն ունի ինստիտուցիոնալ հիմքեր ու, իհարկե, նման պայմաններում նշված խախտումները չեն վերանալու, լիարժեք անվտանգություն չի ապահովվելու»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական զինուժը կրակ է բացել Արցախի հանրապետության արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Գնդակոծության հետեւանքով 6 զինծառայող հրազենային վնասվածքներ է ստացել։
«Սա ադրբեջանական իշխանությունների ցեղասպան, ֆաշիստական քաղաքականության ուղիղ արդյունքն է: Ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը հայկական քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ լրջագույն սպառնալիք է մարդկանց անվտանգության ու խաղաղ համար, նրանց կյանքի իրավունքի ոտնահարում է:
Հաշվի առնելով, որ Արցախի պաշտպանության բանակի դիրքերը Նորշեն ու մյուս համայնքների անմիջական հարևանությամբ պաշտպանում են քաղաքացիական բնակիչների կյանքն ու անվտանգությունը, ակնհայտ է, որ վիրավորում ստացած բոլոր զինվորների առողջությանը վնաս պատճառելու համար ադրբեջանական զինված ուժերն ուղիղ պատասխանատվություն են կրում իրենց հանցավոր արարքների համար», - գրել է Արման Թաթոյանը: