Արմինֆո. Հնդկաստանը կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը դիվանագիտական ճանապարհով ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և դա մեր հստակ դիրքորոշումն է։ Այդ մասին հոկտեմբերի 13-ին Երեւանում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանքարը ՝ անդրադառնալով Հարավային Կովկասում անվտանգության մթնոլորտին։
Նրա հավաստմամբ՝ Հնդկաստանը միշտ հանդես է եկել նման մոտեցման օգտին՝ ի շահ տարածաշրջանի։
"Հայաստանն անցած տարի բարդ փուլ է անցել։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ Հնդկաստանի կառավարության եւ ժողովրդի անունից խորին ցավակցություն հայտնել հայ ժողովրդին, հատկապես, նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին", - նշել է Հնդկաստանի արտգործնախարարը, հավելելով, որ հակամարտությունները պետք է լուծվեն երկխոսությամբ, այլ ոչ թե՝ ուժով։
"Մենք դեմ ենք բռնությանը։ Մենք աջակցում ենք գործընթացին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Սա առաջ շարժվելու առավել կենսունակ եղանակ է: Այդ մասին ես ասել եմ նաեւ նախարարին", - ամփոփել է Հնդկաստանի ԱԳ նախարարը։