Արմինֆո. Հեռավորությունը եւ ծովային ու ցամաքային ճանապարհների պակասը խոչընդոտ են հանդիսանում Հայաստանի և Հնդկաստանի առևտրատնտեսական համագործակցության համար։
Այդ մասին հոկտեմբերի 13-ին Երեւանում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանքարը՝ անդրադառնալով Հարավային Կովկասում անվտանգության մթնոլորտին։ Նրա խոսքով՝ Հայաստանն ու Հնդկաստանը միջազգային փոխադրամիջանցքի անդամներ են, որը հաղորդակցության առումով հեռանկարներ ունի։
"Պարոն Միրզոյանի հետ քննարկել ենք Հայաստանի հետաքրքրությունը Իրանի Չաբահար նավահանգստի օգտագործման նկատմամբ, որը մշակվել է Հնդկաստանի կողմից։ Քննարկել ենք այն որպես միջազգային տրանսպորտային հանգույց օգտագործելու հնարավորությունը։ Մենք կարող ենք քննարկել նաեւ այլ նախագծեր։ Քննարկվել է չվերթների բացման հնարավորությունը", - հայտնել Է Հնդկաստանի ԱԳ նախարարը, հավելելով, որ այժմ քննարկվում է Եվրասիական տնտեսական միության հետ առեւտրային համաձայնագիրը։
Միեւնույն ժամանակ, պատասխանելով Չաբահար նավահանգստի առավելությունների մասին հարցին, Ջայշանքարը համոզմունք է հայտնել, որ նավահանգստի զարգացումը կնպաստի "Հյուսիս - Հարավ" միջազգային միջանցքին, կստեղծի նոր ցամաքային երթուղիներ, որոնք ավելի արդյունավետ կլինեն, քան գոյություն ունեցող ծովային ուղիները: "Դա տնտեսական առաջընթացի նոր հնարավորություններ կբացի: Իրանի նավահանգիստը, որը զարգացնում է Հնդկաստանը, մի կողմից, ճանապարհ է բացում դեպի Կովկաս, մյուս կողմից՝ դեպի Կենտրոնական Ասիա։ Սա նախաձեռնության մի մասն է, որի շուրջ մենք աշխատում ենք Ռուսաստանի հետ", - ամփոփել է նախարարը։