Արմինֆո.Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ու միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով, համանախագահների հովանու ներքո եւ խաղաղ բանակցությունների միջոցով:
Այդ մասին հոկտեմբերի 13-ին Երեւանում Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանիամ Ջայշանքարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով միջնորդների հետ հանդիպման եւ նրանց հովանու ներքո Ադրբեջանի գործընկերոջ հետ հանդիպման հեռանկարների վերաբերյալ ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:
Նախարարը հիշեցրել է, որ օրերս խորհրդարանում հնարավորություն է ունեցել խոսելու այդ մասին: «Պետք է մեր գոհունակությունը հայտնեմ այն փաստի արթիվ, որ Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի հերթական նստաշրջանի շրջանակներում, կամ այդ աշխատանքներին զուգահեռ, համանախագահների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում՝ ինչպես առանձին Հայաստանի ԱԳ նախարարի, այնպես էլ՝ համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի միջև, որին հաջորդեց արդեն համատեղ հանդիպումը։ Մենք ուզում ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետությունը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ բանակցությունների վերսկսումը, և մենք տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը միայն այս ձևաչափով խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի շրջանակներում։ Հանդիպման ընթացքում ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություններ․նախ՝ քննարկել և փորձել լուծում տալ հումանիտար հարցերին, ինչպիսիք են հայ ռազմագերիների ազատ արձակումը, անհայտ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց ճակատագրի հետագա պարզաբանումը և աշխատանքները այդ ուղղությամբ, հայկական մշակութային հուշարձանների հասանելիությունը, որոնք այժմ մնացել են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո, և մի շարք այլ խնդիրներ։ Ապա՝ հետագայում ձեռնամուխ լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի հիմնական կոմպոնենտի, ըստ էության՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ քննարկումներին։ Խոսվել է այն մասին, որ նախատեսվում է համանախագահների այցը տարածաշրջան․ օրերս արդեն մենք կիմանանք ավելի հստակ դիրքորոշում այս հարցի վերաբերյալ, և ավելի հստակ կկարողանանք այդ հարցին պատասխանել։ Հանդիպումներ նախատեսվում են․ գործընթացը շարունակելու, և նոր հանդիպում կազմակերպելու պայմանավորվածություն, առնվազն, ձեռք է բերվել», - հաղորդել է Միրզոյանը։