Արմինֆո.Ֆրանսիան, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ միասին աշխատում է Ղարաբաղի վերաբերյալ տևական համաձայնագրի կնքնման ուղղությամբ: «Ազատության» հետ զրույցում այդ մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն։
Դեսպանը մանրամասներ չի հայտնել, սակայն հարկ է համարել ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահող երկրների մասնակցությունն այդ գործընթացին: «Տեղյակ եք, որ ես այստեղ՝ Հայաստանում ներգրավված չեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին։ Գործընկեր ունեմ՝ Ստեֆան Վիսկոնտին, ով Ֆրանսիայի ներկայացուցիչն է ԵԱՀԿ Մինսկի խմբում։ Սակայն արդեն կարող եմ ձեզ ասել, որ Նյու Յորքում տեղաշարժ է գրանցվել, ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահների հետ հաճույքով կազմակերպել ենք երկու՝ [Հայաստանի ու Ադրբեջանի] արտգործնախարարների հանդիպումը։ Սա կարող է փոքր քայլ թվալ, բայց հսկայական քայլ էր։ Հուսով ենք, նման կարգի այլ որոշումներ ևս կլինեն, և կարող եմ ձեզ վստահեցնել, որ մենք մեր ռուսաստանցի և ամերիկացի գործընկերների հետ միասին գործում ենք, որպեսզի առաջ մղենք Ղարաբաղի վերաբերյալ ավելի տևական համաձայնագրի կնքմանը միտված գործընթացը», - ասել է դեսպանը։
Հստակեցնող հարցին, թե՝ արդյոք հարկավոր է սպասել ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվացում, Ֆրանսիան ներկայացնող դիվանագետը պատասխանել է. «ԵԱՀԿ Մինսկի խումբը արդեն իսկ ակտիվացել է Նյու Յորքում, ինչպես քիչ առաջ ձեզ ասացի։ Մենք միայնակ չենք։ Կարծում եմ, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է նույնպես շարժվեն»։
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի հարթակներում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված 44-օրյա ռազմական ագրեսիայից հետո։