Արմինֆո.Հնդկաստանի ղեկավարությունը քաջ գիտակցում է Հայաստանի եւ Իրանի հետ համատեղ Սյունիքի պահպանման եւ հարավից հյուսիս ձգվող ճանապարհ ստանալում իր առաքելության կարեւորությունը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել անկախ քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը՝ մեկնաբանելով Հնդկաստանի արտգործնախարարի առաջիկա այցը Հայաստան։
Այսօր ՝ հոկտեմբերի 12-ին, առաջին անգամ պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանիամ Ջայշանքարը: Հոկտեմբերի 13-ին նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Ավելի վաղ Հնդկաստանի ԱԳՆ-ն հաղորդել էր, որ այցը հնարավորություն կընձեռի հասկանալ, թե ինչ առաջընթաց է արձանագրվել երկկողմ հարաբերություններում, ինչպես նաեւ թույլ կտա կարծիքներ փոխանակել տարածաշրջանի իրադրության վերաբերյալ:
"Հնդկաստանն այսօր աշխարհի առաջատար պետություններից մեկն է, որն, ի դեպ, ՄԱԿ Անվտանգության խորհրդին մշտական անդամակցության հայտ է ներկայացրել։ Վերջինս խոսում է Նյու Դելիի աշխարհաքաղաքական հավակնությունների մասին՝ նոր միջազգային դերակատարություն ու գործառույթներ ստանձննելու, ինչպես նաեւ աշխարհի առանձին տարածաշրջաններում սեփական մասնակցության եւ ազդեցության բարձրացման ու ամրապնդման նպատակով", - ընդգծել է նա։ Այս տեսանկյունից Հարավային Կովկասը, վերլուծաբանի գնահատմամբ, շատ կարեւոր միջանցք է Հնդկաստանի համար, որն ունի այնպիսի մրցակիցներ, ինչպիսիք են Չինաստանն ու Պակիստանը:
Այս լույսի ներքո՝ Սարոյանն ընդգծել է, որ Պակիստանը Թուրքիայի և Ադրբեջանի անմիջական դաշնակիցն է, որը Թուրքիայի հետ համատեղ ննախագծեր է իրականացնում Կենտրոնական Ասիայի երկրներում: Իսկ հաշվի առնելով վերջերս Ադրբեջանի հրավերով Պակիստանի ներգրավվածությունը կովկասյան գործերին, Հարավային Կովկասում տեղի ունեցողը, նրա կարծիքով, բոլորովին չի համապատասխանում Հնդկաստանի շահերին: Այս համատեքստում վերլուծաբանը, մասնավորապես, առանձնացրել է վերջին իրադարձությունները եւ, այսպես կոչված, "Զանգեզուրի միջանցքի" շուրջ հայտարարությունները։
Նրա գնահատմամբ՝ "Հյուսիս-հարավ" հաղորդակցության երթուղու հետեւում Իրանից բացի կանգնած է նաեւ Հնդկաստանը, իսկ առանց Հայաստանի այդ նախագծի իրականացումն, ուղղակի, անհնար է։ Այս լույսի ներքո՝ վերլուծաբանը նշել է դիմակայությունը "Հյուսիս-Հարավ" միջանցքի եւ թուրքական "Արեւելք-Արեւմուտք" միջանցքի նախագծերի միջեւ: Հաշվի առնելով այդ նախագծերի հակասականությունը՝ Թուրքիան, Սարոյանի կանխատեսումներով, անում և անելու է ամեն ինչ՝ "Հյուսիս-Հարավ" նախագծի իրականացումը թույլ չտալու նպատակով։ "Այս ֆոնին Հնդկաստանն արդեն այսօր փորձում է ուժեղացնել իր ներկայությունն ու գործառույթները Հարավային Կովկասում։ Եվ հենց "Հյուսիս-Հարավ" միջանցքի գործարկումը թույլ կտա Հնդկաստանին շատ օպերատիվ ուժեղացնել սեփական ներգրավվածությունը տարածաշրջանային գործերին և ներկայությունը հենց նույն Հայաստանում։ Վերջինը կնպաստի մեր երկրների միջև փոխշահավետ առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը", - ամփոփել է վերլուծաբանը։