Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի խնդիրները Ղարաբաղով բնավ չեն սահմանափակվում։ Կովկասի ինստիտուտի կողմից Երեւանում կազմակերպված "Կովկասը 21-րդ դարում" միջազգային կոնֆերանսի ժամանակ նման կարծիք է հայտնել Ռուսաստանի ԱԳՆ ՄՄՀՊԻ միջազգային հետազոտությունների ինստիտուտի եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը:
"Մենք տեսնում ենք, որ հակամարտությունը բացառապես Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չէ, այն
հայ-ադրբեջանական է։ Եվ սահմանների սահմանազատմանն ու սահմանագծմանն առնչվող իրավիճակն դրա ավելորդ հաստատումն է։ Որոշակի խնդիրներ կան Նախիջևանի, Տավուշի մարզի և, իհարկե, Գորիս-Կապան ճանապարհահատվածի ուղղությամբ։ Ի վերջո՝ հակամարտության կետերի աշխարհագրությունը 80-ականներին, 90-ականների սկզբին՝ Շահումյանի շրջանը, Խանլարը, Մարտունաշենը, Գետաշենը, չէ որ այդ շրջանները չէին մտնում Ղաարաբաղի մեջ։ Եվ երբ նույն Արևմուտքը սկսում է ակտիվորեն անդրադառնալ այդ թեմային, չէ որ դա նույնպես Ղարաբաղ չէ", - ընդգծել է նա։ Ղարաբաղի շուրջ բուն հակամարտությունը, վերլուծաբանի կարծիքով, նույնպես ավարտված չէ։ Եվ չնայած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ընդհանուր առմամբ, հասկանալի տրամաբանությանը, որը բազմիցս հայտարարել է ղարաբաղյան հակամարտության ավարտի մասին, հակամարտությունը չի ավարտվել, թեկուզ, այն պատճառով, որ դրա ավարտը լինելու է երկու հասարակություններում քիչ թե շատ լեգիտիմ հաշտության համաձայնագիրը։
Այս համատեքստում նա նշել է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կապակցությամբ դժգոհությունը ոչ միայն Հայաստանում, այլև Ադրբեջանում, որի հասարակությունն պատերազմի արդյունքներն ընդունել է ոչ ամբողջությամբ և ոչ մինչև վերջ։ "Հայաստանում այդ առնչությամբ բողոքի ալիք է բարձրացել։ Ընդ որում, Բաքվում դժգոհության հրապարակային արտահայտման առումով իրավիճակն ավելի բարդ է։ Հասարակության տրամադրությունների մասին կարելի է դատել սոցցանցերում գրառումներից եւ մեկնաբանություններից. "Մեզանից գողացել են հաղթանակը", "Մեզ թույլ չեն տվել վերցնել Ստեփանակերտը", "Ինչու՞ են արտասահմանյան զինվորները գտնվում մեր տարածքում" եւ այլն", - ընդգծել է նա:
Վերլուծաբանը նաեւ հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման անհրաժեշտության մասին այսօր պնդում է ոչ միայն Հայաստանը, այլեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Հետևաբար, մինչև կարգավիճակի հարցի լուծումը հակամարտության կարգավորման մասին խոսելու հարկ նույնպես չկա։ Կանխատեսելով ժամանակի ընթացքում սերնդափոխության հետևանքով հանրային ընկալման մեջ ղարաբաղյան հարցի կարևորության նվազում՝ վերլուծաբանը դա պայմանավորել է նոր սերունդների նոր գերակայություններով։ "Խոսել այն մասին, որ բոլոր խնդիրները լուծված են, մենք չենք կարող։ Բայց կենտրոնական, կրող ղարաբաղյան կառուցվածքը կնտիի", - ամփոփել է Մարկեդոնովը ։