


Արմինֆո.ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին ներկայացրել է հայկական կողմի գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումները: Այդ մասին հաղորդել է ՄԻՊ գրասենյակի մամուլի ծառայությունը:
«Հռոմի Պապին երեք զեկույց է փոխանցվել. առաջինն այսպես կոչված «ռազմավարի պուրակի» մասին, որը մարդկային տառապանքների թանգարան է բաց երկնքի տակ, որի հիմքում հայատյացությունն է: Զեկույցն ապացուցում է, որ «ռազմավարի պուրակը» ավելի է խրախուսում ատելությունը:
Երկրորդ զեկույցն Ադրբեջանի պատասխանատվության մասին է հայ գերիներին խոշտանգելու համար՝ հիմնավոր ապացույցներով, իսկ երրորդը՝ գերիների ցուցմունքները քրեական գործի հիմքում դնելու արգելքի վերաբերյալ է:
Զեկույցը հիմնավորում է, որ ադրբեջանական իշխանությունները հայ գերիների նկատմամբ անօրինական քրեական դատավարություններ են հարուցել նրանց այն ցուցմունքների հիման վրա, որոնք ստացել են խոշտանգումներով ու անմարդկային վերաբերմունքով», - ասվում է հաղորդագրությունում:



