Արմինֆո.Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր վերաբերմունքն է հայտնել "3+3" տարածաշրջանային հարթակի (Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Իրան եւ Թուրքիա- խմբ.) ստեղծմանը:
«Հայաստանը ելնում է այն դիտակետից, որ ցանկացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ կարող է արդյունավետ լինել, եթե այն բավարարում է հետևյալ պայմաններին. Ձևաչափը պետք է լինի ամբողջական և ներառական: Այն պետք է հիմնվի դրանում ներգրավված բոլոր պետությունների միջև փոխհարաբերություններում դրական միտումներ մատնանշող զարգացումների վրա: Հակառակ պարագայում դա կարող է հանգեցնել պետությունների երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների տեղափոխմանը բազմակողմ ձևաչափ, ինչն էլ կարող է հանգեցնել թե՛ այդ բազմակողմ ձևաչափի, թե՛ երկկողմ երկխոսության խաթարմանը», - հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը հարցազրույցում պատասխանելով "3+3" նախաձեռնության վերաբերյալ հարցին:
Անդրադառնալով վերջին զարգացումներում Ռուսաստանի դերին Հայաստանի գնահատականի վերաբերյալ հարցին՝ արտգործնախարարն ասել է. «Հայաստանին և Ռուսաստանին կապում են դաշնակցային փոխհարաբերությունները՝ փոխաջակցության և փոխադարձ պարտավորությունների լայն շրջանակներով:
Ռուսաստանը կարևոր դերակատարում ունեցավ Լեռնային Ղարաբաղի դեմ 44 օր տևած ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում, և ներկայումս ռուս խաղաղապահներն իրենց առաքելությունն են իրականացնում Լեռնային Ղարաբաղում՝ աջակցելով Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովմանը և բնականոն կյանքի վերականգնմանը: Ռուսաստանի միջնորդությամբ է ընթանում տարածաշրջանի լարվածության նվազեցմանը, հումանիտար խնդիրների լուծմանը և տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ուղղված աշխատանքները։ Ի դեպ, խոսելով ենթակառուցվածքների մասին՝ պետք է փաստել, որ ո՛չ որևէ փաստաթղթում, ո՛չ ենթակառուցվածքների բացման համատեքստում երբևէ խոսք չի գնացել և չի կարող գնալ Հայաստանի տարածքով որևէ միջանցքի տրամադրման մասին, և սա հստակ արձանագրվում է ոչ միայն հայկական, այլև միջնորդ կողմի՝ Ռուսաստանի կողմից։ Միևնույն ժամանակ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Ռուսաստանը միջնորդական առաքելությամբ ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման գործընթացում»: