Արմինֆո. Հարավային Կովկասում ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակի իրողությունն արտացոլում է 44-օրյա պատերազմի արդյունքում ձևավորված նոր հշվեկշիռը։ Վերջինս արտաքին խաղացողներից ոչ մեկին չի թողնում ղարաբաղյան հակամարտության այս կամ այն կողմին լուրջ զիջումներ պարտադրելու հնարավորություն։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռազմավարական վերլուծության վրացական կենտրոնի ավագ վերլուծաբան Գելա Վասաձեն։
"Այս ֆոնին միջազգային հանրությունը զբաղված է բոլորովին այլ գործերով, Իսկ Թուրքիան եւ Ռուսաստանը՝ բացառապես սեփական շահերով։ Հետեւությունը՝ ամեն ինչ կախված է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարությունից, նրանց քաղաքական կամքից։ Կամ նրանք ստիպված կլինեն նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ փոխադարձ սկզբունքային զիջումների հիման վրա հասնել հակամարտության քաղաքական լուծման, կամ շարունակել սրել իրավիճակը եւ պատրաստվել հերթական հարված հասցնելու համար հարմար պահի", - ընդգծել է նա:
Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվացմանը՝ Վասաձեն բոլորովին չի պատկերացնում, թե համանախագահներն այսօր ինչ կարող են առաջարկել հակամարտող կողմերին։ Եվ, առավել ևս, թե ինչպես կարելի է այդ ինչ-որ բանն իրագործել։ Նրա կարծիքով, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան, որպես Կովկասում կենսական շահեր չունեցող երկրներ, կարող են, թերեւս, նախաձեռնել երրորդ երկրների միջամտության հնարավորությունը բացառող բանակցային գործընթաց: Ըստ Վասաձեի, խոսքը վերաբերում է Ռուսաստանին, Թուրքիային եւ Իրանին, ինչը ներկայիս իրավիճակում միանգամայն տրամաբանական կթվար:
Ընդ որում, նրա գնահատմամբ, ստեղծված իրավիճակում համանախագահները, բացառությամբ Ռուսաստանի, հակամարտող կողմերի վրա ազդելու մեխանիզմներ չունեն։ Ընդ որում, Ռուսաստանը, որը Հայաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ եռակողմ ձեւաչափի կողմ է, տարածաշրջանում սեփական շահերն առաջ մղելու համար Մինսկի խմբի կարիքը բոլորովին չունի։ Այստեղից առաջանում են համանախագահ երկրների շահերի նոր հակասություններ։
"Ամեն դեպքում, ավելի քան մեկ դար ձգվող այս հակամարտությունը պետք է ավարտվի։ Կարծում եմ ՝ դա ակնհայտ է բոլորի համար։ Ցանկացած պատերազմ միշտ ավարտվում է խաղաղությամբ։ Բայց քանի դեռ այդ խաղաղությունը չի եկել, շարունակում են զոհվել մարդիկ. դա ամենատխուր բանն է ողջ այս պատմության մեջ։ Ես՝ անձամբ, տեսնում եմ խաղաղության հնարավորություն, չնայած այն բանին, որ դրա իրականացման ճանապարհին բազմաթիվ դժվարություններ կան։ Եվ երկու երկրների միջեւ բանակցությունները, նրանց շահագրգռվածությունը խաղաղության հասնելու հարցում՝ հիմնական գործոն է այդ հնարավորության իրագործման համար: Վրաստանը, որպես տարածաշրջանի երկիր, անկասկած, շահագրգռված է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի հաշտեցմամբ", - ամփոփել է Վասաձեն։