
Արմինֆո.Թուրքիայի տրամաբանությունը միայն Երեւանի կողմից իր նախապայմանները կատարելու դեպքում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պատրաստակամություն հայտնելիս, ընդհանուր առմամբ, հասկանալի է։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը։
"Այս տրամաբանությունն անփոփոխ է մնում տասնամյակներ շարունակ։ Իսկ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և նախագահ Էրդողանի բոլոր վերջին հայտարարությունները, գործնականում, մեկ բան են ասում. Անկարան ձգտում է առավելագույնս օգտագործել նոր իրավիճակը Հայաստան - Ադրբեջան-Թուրքիա եռանկյունում։ Ընդ որում, ոչ միայն հիմա, այլև դիվանագիտական հարաբերությունների հիպոթետիկ հաստատման և սահմանների բացման դեպքում։ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի վիճակը Թուրքիայի համար բոլոր նախադրյալները ստեղծում է Հայաստանին քաղաքական եւ այլ նոր նախապայմանների պարբերական ներկայացման համար", - ընդգծել է նա:
Այս լույսի ներքո, ըստ Դեմոյանի կանխատեսումների, համաձայնելով բավարարել թուրքական նախապայմաններն այսօր, Հայաստանը թուրքերին հնարավորություն կտա իր հետ խոսել ոչ թե որպես հարևան երկրի՝ միջազգային հարաբերությունների լիիրավ սուբյեկտի, այլ՝ որպես օբյեկտի, մի երկրի, որը կարելի է ցանկացած հարցում որպես մանրադրամ օգտագործել։ Ասել է թե՝ Երևանը սեփական ձեռքով Անկարային հնարավորություն կտա նպաստել իր հետագա մարգինալացմանը։
Մեկնաբանելով այս ֆոնին Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Հայաստանի ղեկավարության ձգտումը՝ Դեմոյանը հիշեցրել է, որ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման պատրաստակամություն Երեւանը միշտ է արտահայտել, նաեւ՝ Նիկոլ Փաշինյանի բոլոր նախորդների կողմից: Այս համատեքստում նա ընդգծել է Երեւանի համաձայնությունը Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելու՝ առանց վերջինի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման։ Ընդ որում, պատմաբանը հարաբերություններ հաստատելու ցյուրիխյան փորձը գնահատել է որպես ի սկզբանե պարտության դատապարտված՝ հաշվի առնելով Ադրբեջանի ազդեցությունն Անկարայի որոշումների վրա։
"Նոյեմբերի 9-ին Հայաստանի պարտությունը արձանագրած հայտարարությունից հետո Հայաստանի խորհրդարանի այն ժամանակվա փոխխոսնակ Լենա Նազարյանն անսպասելիորեն այդ ողբերգության մեջ տեսավ "Թուրքիայի հետ թշնամանքը դադարեցնելու լավ հնարավորություն": Վերջինս, փաստորեն, ուղղակիորեն հայտարարեց թուրքերին, որ պատերազմի բացակայության կամ այդ պատերազմում Հայաստանի հաղթանակի դեպքում հարաբերությունների կարգավորման որևէ շանս, պարզապես, չէր լինի։ Եվ դա, ուշադրություն, հայտարարվեց կայսերական անցյալ ունեցող երկրին", - ընդգծել է նա։
Այս լույսի ներքո Դեմոյանը ենթադրում է, որ 2018-ի գարնանը Հայաստանում իշխանության եկած մարդիկ ի սկզբանե սեւեռվել են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման վրա։ Ընդ որում՝ ամեն գնով, նույնիսկ՝ թուրքական բոլոր նախապայմաններին համաձայնելով։ Նրա կարծիքով, հայ-թուրքական թնջուկի հանգուցալուծման նման սցենարը միանգամայն կարող է կոնսենսուսի առարկա լինել ուժի աշխարհաքաղաքական կենտրոնների միջև։ Հետևաբար, դրա իրականացմամբ շահագրգռված են Ռուսաստանն ու Արևմուտքը, որոնք այդ հարցում ճնշում են գործադրում Հայաստանի նկատմամբ։
"Հասկանալի է, որ արտաքին ուժերը կարող են ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում: Պարզ է նաեւ, որ նրանք պատրաստ են
հասնել դրան ամեն գնով: Ողջ հարցն այն է, որ այդ գինը վճարելու ենք մենք, այլ ոչ թե Արեւմուտքը կամ Ռուսաստանը: Ընդ որում, վճարելու ենք ոչ մեկ անգամ՝ այսօր, այլ բազմիցս՝ ապագայում։ Հենց այսպիսի սցենար է ենթադրում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ապագա հարաբերությունների տրամաբանությունը, եթե Երեւանը համաձայնի բավարարել Անկարայի նախապայմանները", - ամփոփել է պատմաբանը