Արմինֆո. Ռուս-թուրքական հարաբերությունները շատ հեռու են ձևականությունից, քանի որ դրանք հագեցած են իրական հարցերի ու խնդիրների հսկայական քանակով, որոնք ժամանակ առ ժամանակ պետք է լուծել տեղում։
ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում" ամսագրի գլխավոր խմբագիր, ՌԴ արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահ Ֆյոդոր Լուկյանովը՝ մեկնաբանելով սեպտեմբերի 29-ին Ռեջեփ Էրդողանի ՌԴ այցի ընթացքում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսվող հանդիպման հնարավոր օրակարգը։
"Այդ բոլոր հարցերն ու խնդիրները Անկարայի և Մոսկվայի միջև մշտական, բավական բարդ սակարկության առարկա են։ Պուտին-Էրդողան հանդիպումների անհրաժեշտությունը պայմանավորված է այդ գործընթացի պարբերաբար փակուղում հայտնվելով։ Նախագահները երբեք չեն հանդիպում հենց այնպես, նրանք շատ լավ են հասկանում միմյանց։ Այդուհանդերձ, Սոչիում նրանց առաջիկա հանդիպումից ինչ-որ իրապես բեկումնային պայմանավորվածություններ ես չեմ ակնկալում", - ընդգծել է նա։
Նման հոռետեսությունը վերլուծաբանը բացատրում է Իդլիբի վերաբերյալ Մոսկվայի և Անկարայի միջև փոխզիջման բացակայությամբ, ինչն էլ, իր հերթին, պայմանավորված է այդ տարածաշրջանում նրանց տրամագծորեն հակառակ շահերով։ Այս լույսի ներքո՝ նա հիշեցրել է, որ Իդլիբից թուրքմեն զինյալներին դուրս բերելու մասին նախորդ բոլոր պայմանավորվածություններն Անկարան չի պահպանել։ Վերջինը, ըստ Լուկյանովի, ժամանակ առ ժամանակ Մոսկվային ստիպում է Թուրքիայի վրա գործադրել ուժային ճնշման հերթական փուլը՝ ներառյալ Սիրիայի տարածքում գրոհայինների հենակետերի ռմբակոծումը:
"Հասկանալի է, որ դրանից հետո Պուտինն ու Էրդողանը կրկին հայտնվում են բանակցությունների սեղանի շուրջ։ Գիտեք, Թուրքիային պետք չեն էքզիստենցիալ սպառնալիքներ, օրինակ ՝ Սիրիայից իր տարածք ներխուժող փախստականների նոր բազմության տեսքով։ Ընթանում է մի գործընթաց, անվերջ գործընթաց, որտեղ չկան պատրաստի լուծումներ։ Գործընթաց, որի շնորհիվ կողմերին հաջողվում է խուսափել ուղղակի բախումից ։ Ինչն ինքնին արդեն մեծ ձեռքբերում է", - ընդգծել է նա։
Այս լույսի ներքո մեկնաբանելով ընթացիկ ռուսական քաղաքականությունը Հարավային Կովկասում՝ Լուկյանովը կանխատեսել է դրա ներկայիս վեկտորի պահպանում, հնարավոր է՝ փոքր սրբագրումներով: Ընդ որում, նա չի բացառել տարածաշրջանում Արեւմուտքի ներկայության աճի հնարավորությունը, ինչը, նրա կարծիքով, կարող է անդրադառնալ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ճակատագրի վրա, որը, ի վերջո, կվերադառնա Ղարաբաղյան հակամարտություն:
"Տարածաշրջանն այսօր գտնվում է տարածաշրջանային փոխակերպումների և ակտիվ աշխարհաքաղաքական պայքարի կիզակետում։ Ինչն արդեն փոփոխությունների է հանգեցրել ՌԴ արտաքին քաղաքականության մեջ, ընդդհանուր առմամբ, եւ հետխորհրդային տարածքում՝ մասնավորապես։ Իմ կարծիքով, այսօր Հարավային Կովկասի վերաբերյալ ուրվագծվում են երկու հիմնական հնարավոր սցենարներ։ Այսպես ասեմ, երկուսի շուրջ էլ գոյություն ունի աշխարհաքաղաքական կոնսենսուս։ Իսկ ողջ հարցն այն է, թե ում վերահսկողության տակ են իրականացվելու այդ սցենարները։ Ասել է թե՝ արդեն ընթացող գործընթացներում կտրուկ փոփոխություններ ակնկալելու հարկ, գործնականում, չկա ", - ամփոփել է վերլուծաբանը։