Արմինֆո. Հայաստանի ազգային կինոկենտրոնը և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը սեպտեմբերի 23-25-ը կիրականացնեն «Իրանի ժամանակակից կինոյի օրեր» ծրագիրը։
Ինչպես հաղորդել է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը, «Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր դահլիճում» տեղի կունենա իրանական ժամանակակից երեք ֆիլմերի ցուցադրություն. սեպտեմբերի 23-ին՝ «Թիկնապահը» (ռեժիսոր Էբրահիմ Հաթամիկիա, 2016 թ.), սեպտեմբերի 24-ին՝ «Վիլլայի բնակիչները» (ռեժիսոր Մունիր Ղեյդի, 2017 թ.), սեպտեմբերի 25-ին՝ «Գիշերային հերթափոխ» (ռեժիսոր Նիկի Քարիմի, 2021 թ.):
Երևանյան կինոցուցադրումները նվիրվում են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հիմնադրման 30-ամյակին։ Ֆիլմերը կցուցադրվեն հայերեն ենթագրերով։ Մուտքն ազատ է։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 21-ին "Հայաստանի ազգային կինոկենտրոն" ՊՈԱԿ-ի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և "Ֆարաբի" կինոֆոնդի տնօրեն Ալիռեզա Թաբեշը հայ-իրանական մշակութային համագործակցության շրջանակներում ստորագրել են կինեմատոգրաֆիայի ոլորտում հայ-իրանական համագործակցության մասին 2017 թվականից գործող համաձայնագրի նոր արձանագրությունը։ Այս համաձայնագրով նախատեսված են համագործակցության տարբեր ուղղություններ ՝ աջակցություն կինեմատոգրաֆիական ժառանգության պահպանմանը, մանկական կինոծրագրերի ստեղծում, համատեղ կինոարտադրության զարգացում, երկկողմ կրթական ծրագրերի իրականացում, հայ-իրանական կինոշուկայի ձևավորում, ֆիլմերի տարածում և մասնակցություն երկկողմ փառատոներին