Արմինֆո. Մոսկվան Հարավային Կովկասում կանցնի կոնկրետ, ավելի առարկայական քայլերի՝ Պետական դումայի ընտրություններից և իշխանական ուղղահայացի ձևավորման գործընթացի ավարտից հետո։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՌԳԱ Պրիմակովի անվան ԻՄԷՄՕ-ի գլխավոր գիտաշխատող, արեւելագետ Ալեքսեյ Մալաշենկո:
Սեպտեմբերի 17-19-ը տեղի ունեցած Պետդումայի պատգամավորների ընտրությունների արդյունքում ԿԸՀ-ի կողմից արձանագրությունների 100% մշակումից հետո 49,82% - ով հաղթանակ է տարել իշխող "Եդինայա Ռոսիա" կուսակցությունը: 5%-ի շեմ, հաղթահարել են նաեւ ՌԴԿԿ՝ 18,93% - ով, ՌԼԴԿ ՝ 7,55% - ով, "Սպրավեդլիվայա Ռոսիա՝ պատրիոտի զա պռավդու"՝ 7,46% և "Նովիե լյուդի" ՝ 5,32% կուսակցությունները։ ԿԸՀ-ի ղեկավար Էլլա Պամֆիլովայի խոսքով՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է 51,68 տոկոս, իսկ դրանց վերջնական արդյունքները նախատեսվում է ամփոփել սեպտեմբերի 24-ին:
"Մենք շատ լավ տեսնում ենք տարածաշրջանում հասունացած և պարբերաբար հասունացող խնդիրները, մասնավորապես՝ ղարաբաղյան հակամարտության շուրջ։ Ինչպես նաև զուգահեռաբար հասունացող կրքերը, որոնք բորբոքվում են բոլորի՝ այստեղ և հիմա իրենց բոլոր խնդիրները լուծելու ցանկությամբ։ Այդ բոլոր կրքերին ու ցանկություններին Մոսկվան առայժմ հետեւում է սպասման ռեժիմում։ Կարծում եմ, որ ավելի կոնկրետ գործողություններ կլինեն ընտրական փուլի վերջնական ավարտից հետո", - կանխատեսում է վերլուծաբանը։
Ըստ Մալաշենկոյի, հարկ չկա ինչ-որ բեկումնային քայլեր ակնկալել Մոսկվայից՝ մինչև Ռուսաստանում ներքին փոփոխությունների փուլի ավարտը։ Նրա գնահատմամբ՝ ռուսական դիվանագիտությունը շարունակում է աշխատել, այդ թվում՝ կովկասյան ուղղությամբ։ Իսկ տարածաշրջանում բոլոր գործընթացները գտնվում են վերահսկողության տակ և համապատասխան ուշադրության կենտրոնում։ Այլ հարց է, որ մինչև ամբողջ ներքին ընտրական փուլի ավարտը Մոսկվան մտադիր չէ խախտել գոյություն ունեցող տարածաշրջանային ստատուս քվոն նոր նախաձեռնություններով ու ռազմավարություններով ։
"Ի դեպ, Ռուսաստանն արդեն կանգնեցրել է 44-օրյա պատերազմը՝ ամրագրելով նոր ստատուս քվո և նախադրյալներ ստեղծելով հակամարտության խաղաղ կարգավորման համար՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի եռակողմ հանձնաժողովի տեսքով։ Եվ, իմ կարծիքով, եթե խոսենք հանձնաժողովի աշխատանքների առարկայական արդյունքների մասին, ապա դրանք կարելի է ակնկալել ընտրություններից մի քանի շաբաթ անց։ Մեր դիվանագիտության իր տեղը վերադառնալով եւ նրա աշխատանքի նոր փուլի մեկնարկով, այդ թվում ՝ կովկասյան ուղղությամբ", - ամփոփել է Մալաշենկոն ։