Արմինֆո.Սեպտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիշան Դան Դեւալին:
Ողջունելով դեսպանին՝ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում բարեկամական հարաբերությունների խորացումն ու զարգացումը: Անդրադառնալով երկու երկրների միջեւ համագործակցության խորացմանը՝ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովում շուտով կվերաձեւավորվի հայ-հնդկական բարեկամական խումբը, որը նշանակալի դեր կունենա միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման գործում:
ԱԺ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Սիմոնյանը հույս է հայտնել, որ Հնդկաստանի խորհրդարանում Հնդկաստան-Հայաստան բարեկամական խմբի ձեւավորումը եւս հնարավորություն կստեղծի համատեղ ջանքերով էլ ավելի խորացնելու օրենսդիրների կապերը:
Կարեւորելով միջազգային հարթակներում Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ դրական համագործակցությունը՝ ՀՀ օրենսդիրի ղեկավարը բարձր է գնահատել միջազգային կազմակերպություններում Հայաստանի կենսական հարցերի շուրջ Հնդկաստանի կառավարության հավասարակշռված մոտեցումը:
Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերին: Այս համատեքստում հայկական կողմն արժեւորել է պաշտոնական Նյու Դելիի մոտեցումն առ այն, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է ստանա խաղաղ հանգուցալուծում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հնդկաստանի դեսպանը բարձր է գնահատել միջազգային հարթակներում Քաշմիրի խնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող Հայաստանի մշտական աջակցությունը: Համատեղ օրակարգի առաջնահերթություններում փոխայցելությունները դիտվել են որպես առաջնահերթություն՝ ի նպաստ երկկողմ համագործակցության նոր հեռանկարային ուղղությունների: