Արմինֆո. Երեւան-Անկարա հարաբերությունների ջերմացման ուղղությամբ ազդակների եւ ազդանշանների թուլությունը թույլ չի տալիս միանշանակ կանխատեսել հայ-թուրքական հարաբերությունների ապագան։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՌԴ արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահության նախագահ Ֆյոդոր Լուկյանովը։
Օգոստոսի 25-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի շարք երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ "Հարավային Կովկասում Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի ավարտից հետո պայմաններ են ստեղծվել երկարաժամկետ խաղաղության համար, եւ եթե Հայաստանը օգտվի այդ հնարավորությունից, ապա Անկարան անհրաժեշտ քայլեր կձեռնարկի": "Տարածաշրջանին կառուցողական մոտեցում է պետք։ Եվ նույնիսկ տարաձայնությունների առկայության դեպքում դրացիական հարաբերությունները պետք է զարգացնել տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի հիման վրա։ Հաջողություն եմ մաղթում Հայաստանի նոր կառավարությանը, որը հայտարարել է այդ ուղղությամբ առաջ շարժվելու պատրաստակամության մասին", - օգոստոսի 29-ին թուրք լրագրողներին հայտարարել է Էրդողանը։
Արդեն օգոստոսի 27-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգի համատեքստում հայտարարել է, թե "որոշ դրական հրապարակային ազդակներ են ստացվել Թուրքիայից: "Մենք կգնահատենք այդ ազդակները, դրական ազդակներին կպատասխանենք դրական ազդակներով"։
"Ընդհանուր առմամբ, Թուրքիայի նախագահ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի հայտարարությունները էական հետաքրքրություն են ներկայացնում և շատ ուշագրավ են։ Այդ թվում՝ այն պատճառով, որ հայ-թուրքական զարգացումները, պարզապես, չեն կարող ուղղակի առնչություն չունենալ Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող գործընթացներին։ Անկարայից եւ Երեւանից փոխադարձ ազդանկների փորձերն ակնհայտ են։ Սակայն առայժմ չեն նկատվում հարաբերությունների հետագա զարգացման ուրվագծերը", - նկատել է նա։
Մասնավորապես, վերլուծաբանի գնահատմամբ, անհասկանալի է, թե արդյոք խոսքը Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների համակարգային, համապարփակ կարգավորման մասին է, ընդհուպ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը՝ ուղեկցող բոլոր քաով։ Նա նաեւ հնարավոր է համարել, որ Հայաստանն ու Թուրքիան մտադիր են սահմանափակվել բացառապես հաղորդակցությունների մասով շահերի ընդհանուր հայտարարի հանգեցմամբ։
Ամեն դեպքում, հայկական եւ թուրքական ազդակների թուլությունը, ըստ Լուկյանովի, երկու երկրների հարաբերությունների ապագայի վերաբերյալ բազմաթիվ հարցերի տեղ է թողնում։ Այս լույսի ներքո, նրա կարծիքով, իրավիճակի պարզաբանմանը չի նպաստում նաեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող գործընթացներում մի շարք չկարգավորված հարցերի ու խնդիրների առկայությունը: "Ռուսաստանն այս ֆոնին ունի Ղարաբաղի և, ընդհանրապես, տարածաշրջանի վերաբերյալ արտաքին քաղաքական երկարաժամկետ առաջնահերթություններ և ծրագրեր։ Այս ամենում առաջնահերթությունը տրվում է 2020թ. նոյեմբերի 9-ի եւ 2021-ի հունվարի 11-ի երկու եռակողմ հայտարարությունների կետերի կյանքի կոչմանը: Եվ Հարավային Կովկասում սեփական ազդեցության պահպանումը շաղկապվում է Թուրքիայի հետ քաղաքականության համակարգման հետ։ Իհարկե, այդ ծրագրերը նույնպպես կարող են վերանայման ենթարկվել։ Համապատասխան իրավիճակի և մարտահրավերների առաջացման դեպքում", - ընդգծել է նա։
Լուկյանովի կանխատեսմամբ՝ ղարաբաղյան քեյսին առնչվող հակասություններն ու հարցերը լուծել կարճաժամկետ կտրվածքով, իսկ հետո անցնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, իսկ հետո՝ հաղորդակցությունների ապաշրջափակմանը, ամեն դեպքում, հնարավոր չէ։ Վերլուծաբանի կարծիքով, նման մասշտաբի հարցերի եւ խնդիրների լուծումը բոլոր շահագրգիռ կողմերից կպահանջի լայն ռեսուրսներ՝ այս բառի բոլոր իմաստներով ու նշանակություններով: