
Արմինֆո.Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ցանկացած քայլ, ճնշման ցանկացած դրսևորում տեղավորվում է Երևանին Բաքվի հետ վերջնական պայմանագրի ստորագրում հարկադրելու տրամաբանության մեջ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել անկախ վերլուծաբան Սարո Սարոյանը։
" Ադրբեջանն անշեղորեն նման քաղաքականություն էր վարում Արցախի դեմ 44-օրյա ագրեսիայից դեռ շատ առաջ։ Եվ այսօր Բաքուն, իր հովանավորների արտաքին աջակցությամբ, փորձում է ամեն ինչ անել՝ թույլ չտալու Հայաստանին շեղվել այդ գծից։ Եվ այդ փաստաթղթի ստորագրման պահի մոտենալուն զուգընթաց Ադրբեջանն էլ ավելի է փորձում Հայաստանին զրկել նահանջելու հնարավորությունից և առավելագույնը կորզել իրավիճակից", - ընդգծել է նա։
Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան արտատարածքային միջանցք ստանալու Ալիևի մտադրությունները վերլուծաբանը համարում է ապագա համաձայնագրի էական մասը։ Այս լույսի ներքո՝ Բաքուն, նրա կարծիքով, փորձելու է ամեն ինչ անել այդ միջանցքի նկատմամբ վերահսկողությունում ձայնի իրավունք ստանալու համար, որը, մեծ մասամբ, իրականացվելու է Ռուսաստանի կողմից։ Նույն կերպ Ադրբեջանը ձգտում է մաս ստանալ արդեն Հայաստանն արտաքին աշխարհի հետ կապող այլ հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունում։
Բաքվի այս քաղաքականությանը Հայաստանի ղեկավարության միակ պատասխանը, ըստ վերլուծաբանի, այդ գործընթացի մյուս մասնակիցների հարկադրանքից հնարավորինս խուսափելու, ժամանակ ձգելու և այդ աշխարհաքաղաքական գործընթացներում իր համար ավելի բարենպաստ դիրքեր ապահովելու փորձերն են: Նման քաղաքականությունը որակելով ջայլամի քաղաքականություն՝ վերլուծաբանն իշխանության բուն մտածելակերպը գնահատում է որպես արատավոր և ապրիորի անկարող՝ լուծելու Հայաստանի խնդիրները։
Պաշտոնական Երևանի նման վարքագծի հիմնական խնդիրը Սարոյանը համարում է, ըստ էության, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գծի սահմանման ուղղությամբ սկզբունքային կողմնորոշիչների բացակայությունը։ Գիծ, որը թույլ տա որդեգրել այնպիսի քաղաքական կուրս, որը, իր հերթին, թույլ տա պաշտպանել Հայաստանի պետական և հասարակուկան շահերը։ Ածանցյալ խնդիր է, ըստ վերլուծաբանի, Հայաստանի ղեկավարության գլուխներում հարկադրանքի որևէ նշանի, տարրի բացակայությունը, որոնք թույլ են տալիս ինչ-որ կերպ պաշտպանել սեփական շահերը։
"Այդ մարդիկ, պարզապես, ի զորու չեն պաշտպանել Հայաստանի շահերը։ Մենք դա տեսնում ենք բոլոր վերջին ամիսներին, եւ մենք դա կտեսնենք ապագայում: Առանց սկզբունքների եւ առանց կամքի ուժի քաղաքականություն, պարզապես, չի լինում։ Եվ միայն գավառական ճարպկության միջոցով, պարզապես, անհնար է հակազդել թշնամու հաշվարկված, այլոց հետ համակարգված հարվածներին։ Բայց ելք կա, միշտ կա։ Բայց այդ ելքի որոնումը հասանելի է միայն մարդկանց, ովքեր ունեն գիտելիք, քաղաքական կամք և սկզբունքայնություն։ Առանց այդ հատկանիշների Ալիևին հակազդել՝ Հայաստանի նրա գործընկերները, պարզապես, չեն կարող։ Ինչ-որ բան՝ մեր փոխարեն, իհարկե, կանեն ուժի կենտրոնները, սակայն՝ բացառապես սեփական շահերից ելնելով։ Եվ դա միանգամայն նորմալ է։ Ողջ հարցն այն է, թե արդյոք նման իրադրությունը մեզ բավարարում է", - ամփոփել է վերլուծաբանը։