Արմինֆո. Եթե իշխող կուսակցությունը մտադիր է իր ապագա գործողություններում առաջնորդվել կառավարության ընդունված ծրագրով, վախենում եմ, որ առկա ու ապագա մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու հարցում մենք ստիպված ենք լինելու ապավինել Տեր Աստծուն։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Քաղաքացու որոշում" սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ Հայկ Սահակյանը։
"Կառավարության 5-ամյա ծրագրի քննարկման բուն գործընթացը խորհրդարանում հանգեց տրագիկոմեդիայի, որի մասնակիցները միանգամայն արժանի էին միմյանց։ Իսկ ինչ վերաբերում է դրա բովանդակությանը, ապա, իմ կարծիքով, ծրագիրը կտրված է իրականությունից, իսկ առկա խնդիրների լուծում այնտեղ, պարզապես, չկա։ Պարզապես, նայեք "բարեփոխված" ոստիկանությանը, որը, իրականում, շարունակում է քաղաքացիների նկատմամբ ճնշումների և իշխանությանը քաղաքացիներից պաշտպանելու գործառույթներ իրականացնել։ Կամ՝ Ազգային անվտանգության ծառայությունը, որի սպաները շարունակում են ուսանել Ռուսաստանում, ինչն, ընդհանրապես, նոնսենս է", - նկատել է նա։
Անդրադառնալով խորհրդարանում իշխող կուսակցության եւ ընդդիմադիր երկու խմբակցությունների դիմակայությանը՝ Սահակյանը նշել է, որ իրականում այդ երեք ուժերը հիանալի համագործակցում են Հայաստանի՝ որպես անկախ պետության անհետացման ուղղությամբ: Եւ հենց նույն խորհրդարանական ընդդիմությունը նույնպես պատասխանատվություն է կրում երկրում տիրող իրավիճակի համար, քանի որ ժողովրդից վստահության մանդատ է ստացել։ Այս լույսի ներքո քաղաքական գործիչը կարծում է, որ խորհրդարանականներին ժամանակն է հանգիստ թողնել միմյանց օձիքները եւ զբաղվել իրավիճակից դուրս գալու լուծումներ փնտրելով: Նա նաև կարծում է, որ ոչ ընդդիմությունը, ոչ էլ իշխող ուժն այսօր իրենց գործառույթները չեն կատարում։
Համոզմունք հայտնելով, որ ընդդիմության տրամադրության տակ առկա են իրավիճակի վրա ազդելու լծակներ, Սահակյանը նրա անգործությունը բացատրել է հասարակության եւ պետության խնդիրները լուծելու ցանկության բացակայությամբ: Նրա կարծիքով ՝ ընդդիմության միակ խնդիրներն են ԱԺ աշխատանքը կաթվածահար անելը, "Քաղաքացիական պայմանագրի" և անձամբ Նիկոլ Փաշինյանի հեղինակության ոչնչացումը։ Ինչում, նրա կարծիքով, այսօր բացարձակապես ոչ մի անհրաժեշտություն չկա։
"Հենց այդ պատճառով էլ այդ մարդիկ առաջարկներ չեն հնչեցնում, իրավիճակից ելք չեն փնտրում և, նույնիսկ, չեն քննադատում, ըստ էության, կառավարության ծրագիրը։ Նրանք, պարզապես, փորձում են ողջ պատասխանատվությունը բարդել կառավարության վրա։ Այսօր դա արդեն բոլորն են հասկանում։ Իր հերթին՝ իշխանությունը, օրինակ, խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն ամեն ինչ անում է խորհրդարանում լարվածություն ստեղծելու համար։ Եւ անում է բավականին նպատակային: Քանի դեռ իշխող ուժն ու ընդդիմությունը զբաղված են ներքին խառնակչություններով, Հայաստանի խորհրդարանի փոխարեն որոշումները կայացվում եբ Մոսկվայում եւ Բաքվում", - ամփոփել է Սահակյանը։