Արմինֆո.Այս փուլում Հայաստանի անվտանգությունն ապահովվում է հավաքական Արևմուտքի կողմից, ընդհանուր առմամբ, և, մասնավորապես՝ ԱՄՆ-ի կողմից։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը։
"Կարեւոր է ընդգծել, որ դա արվում է, մեծ հաշվով, նույնիսկ, առանց Հայաստանի կարծիքը հարցնելու։ Եվ, եթե Արևմուտքը չլիներ, մենք արդեն կորցրած կլինեինք Սյունիքը։ Մեր հարևանները, եւ՝ ոչ միայն, արդեն մեր տարածքով միջանցք կամ, նույնիսկ, միջանցքներ են գցել և իրենց վերահսկողության տակ են առել, իսկ թշնամին ավելի խորը կներթափանցեր Հայաստանի տարածք Արարատում, Գեղարքունիքում և Տավուշում։ Կանխատեսել, թե որքան Արևմուտքն այդ անվտանգությունը կապահովի, շատ դժվար է։ Հատկապես՝ վերջերս Աֆղանստանից ԱՄՆ-ի եւ դաշնակիցների դուրս գալու ֆոնին", - նշել է նա։
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ այսօր աշխարհում գրեթե ամեն ինչ ձեւավորվում է ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ գլոբալ մրցակցության եւ դիմակայության համատեքստում: Բացառություն չէ նաև հայկական Սյունիքի տարածքով միջանցքի գաղափարը։ Ըստ Ավետիսյանի՝ արեւելքից դեպի արեւմուտք միջանցքը Պեկինի եվրասիական նախաձեռնության՝ Մետաքսի ճանապարհի մաս է։ Այս գլոբալ նախագիծը, նրա կարծիքով, թույլ կտա ստեղծել հսկայական տարածաշրջան՝ դեպի Չինաստան թեքումով։
Այս լույսի ներքո՝ քաղաքական գործիչը համոզված է, որ հենց Չինաստանի նման ծրագրերի հակասությունն ԱՄՆ շահերին եւ նպատակներին պայմանավորում է դրանց հակազդելու Վաշինգտոնի ձգտումը: Այդ թվում ՝ Հյուսիս-հարավ առանցքի ստեղծման միջոցով, որի մի մասը նախատեսվում է անցկացնել Իրանի, Հայաստանի եւ Վրաստանի տարածքով։ Ավետիսյանը համոզված է, որ ԱՄՆ-ում առկա է Հայաստանի տարածքով ոչ թե հորիզոնական, այլ հենց ուղղահայաց միջանցքն "աշխատանքային" դարձնելու ձգտում։
Մեկնաբանելով Հայաստանի անվտանգության ապահովման ուղղությամբ երկրի իշխանությունների քայլերը՝ քաղաքական գործիչն ընդգծել է, որ դրա համար անհրաժեշտ նախապայմանն, ըստ էության, հենց պետության գոյությունն է: Ավետիսյանը համոզված է, որ վերջինս ենթադրում է առաջնահերթությունների ձևավորում, որոնց թվում են ազգային կառավարությունը և Հայաստանի դաշնակցային հարաբերությունները Արևմուտքի, ընդհանուր առմամբ, եւ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ՝ մասնավորապես։
Բացասական բնութագրելով ՌԴ-ի հետ Հայաստանի գոյություն ունեցող հարաբերությունները՝ քաղաքական գործիչը կարծում է, որ ապագան ներկայիս Ռուսաստանի հետ կապելն անհեռանկարային է։ Առաջին հերթին, "Լավրովի պլանը" հաղթական ավարտին հասցնելու Մոսկվայի ձգտման պատճառով ՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի կողմից հայոց պետականության վերջնական ոչնչացման եւ կլանման տեսքով։ Ընդ որում, Մոսկվայի հրաժարումը նման ծրագրերից, եւ Հայաստանի նկատմամբ ներկայիս ռուսական քաղաքականության վերանայումը, նրա կանխատեսմամբ, կարող են էապես դեպի լավը փոխել նաեւ Մոսկվայի ու Երեւանի հարաբերությունների հեռանկարները: