Արմինֆո. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Քաբուլի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ:
ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդման համաձայն, ուղերձում ասված է. «Խստորեն դատապարտում ենք Քաբուլի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, որին զոհ են գնացել բազմաթիվ անմեղ քաղաքացիական անձինք և զինվորականներ:
Հայաստանը մշտապես հանդես է եկել մարդկության դեմ ուղղված ահաբեկչական ցանկացած դրսևորման դեմ, հատկապես՝ ահաբեկիչների մասնակցությանը ռազմական գործողություններում:
Միջազգային ահաբեկչության դեմ պայքարում անհրաժեշտ է համախմբել ուժերը՝ բացառելու անհանդուրժողականության և համամարդկային արժեքների նկատմամբ արհամարհանքի նման հրեշավոր դրսևորումները:
Զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին մաղթում ենք տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:
Վերջին տվյալներով՝ Քաբուլում ահաբեկչությունների զոհ է դարձել 103 մարդ, նրանցից 13-ն ԱՄՆ զինծառայողներ են: Աֆղանստանի առողջապահության նախարարության համաձայն, պայթյունների հետեւանքով տուժածների ընդհանուր թիվը կազմում է 1338 մարդ:
"Թալիբանի" ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը հայտարարել է, որ տուժել են նաեւ արմատական շարժման զինյալներ: ԻՊ ահաբեկչական կազմակերպությունը հաստատել է Քաբուլի օդանավակայանի մոտ երեք պայթյուններից երկուսի եւ կրակոցների համար իր պատասխանատվությունը: