


Արմինֆո. Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Իրանի իր պաշտոնակից Հոսեին Ամիր Աբդոլահիանին այդ բարձր պաշտոնում նշանակվելլու կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ը, Իրանի գործընկերոջը շնորհավորանքում Հայաստանի արտգործնախարարը համոզմունք է հայտնել, որ միասին առավելագույն ջանքեր կներդնեն՝ զարգացնելու եւ խորացնելու դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-իրանական հարաբերությունները։ Ավելի վաղ խորհրդարանում հնգօրյա քննարկումներից հետո Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի կողմից նոր կառավարության կազմում առաջարկված 19 թեկնածուներից 18-ը վստահության քվե են ստացել խորհրդարանում: Աբդոլահիանը չորեքշաբթի հաստատվել է Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) կողմից ՝ որպես արտաքին գործերի նախարար: Նրա թեկնածության օգտին քվեարկել է 286 պատգամավորից 270-ը:
Օգոստոսի 22-ին խորհրդարանում ունեցած իր ելույթում Աբդոլահիանը հայտարարել է, որ նոր կառավարությունը կաշխատի պատժամիջոցների չեզոքացման ուղղությամբ, սակայն միջուկային գործարքը չի դարձնի արտաքին քաղաքականության կենտրոն: Աբդոլահիանը զբաղեցրել է Բահրեյնում դեսպանի պաշտոնը՝ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի օրոք։ Ավելի ուշ Ահմադինեժադի և Հասան Ռոհանիի նախագահության ընթացքում զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը և ղեկավարել է արաբական և աֆրիկյան երկրների գործերը։ Իրանի նոր ԱԳ նախարարը հայտնի է նաեւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) մոտ եւ Արեւմուտքից հեռու լինելով՝ ի տարբերություն իր նախորդի՝ Զարիֆի:



