
Արմինֆո. Աֆղանստանում "Թալիբան" շարժման կողմից իշխանության զավթման եւ միջինասիական ուղղությամբ նոր սպառնալիքների առաջացման լույսի ներքո՝ արդեն այսօր Ռուսաստանը ստիպված է մեծ ռեսուրսներ ծախսել իր սահմանների անվտանգության ապահովման համար՝ հարավ-արեւելյան ուղղությամբ: Ռեսուրսներ, որոնք նա չունի։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։
"Մենք՝ բոլորս, շատ լավ հիշում ենք, թե համեմատաբար վերջերս, մի քանի տասնամյակ առաջ ԽՍՀՄ-ի համար ինչով ավարտվեց ներքին և արտաքին խնդիրների ստեղծումը, ինչը հանգեցրեց պետության ռեսուրսների, ապա հենց պետության հյուծման և, ի վերջո, նրա փլուզմանը։ Խնդիրն այն է, որ Հարավային Կովկասից հեռանալու դեպքում ռուսները, ամենայն հավանականությամբ, տարածաշրջանը կհանձնեն թուրքերին։ Պարզապես, այն պատճառով, որ նրանք ատում են Արևմուտքին, ավելի՝ քան Թուրքիային: Նաեւ հասկանալի է, որ տարածաշրջանի երեք երկրներից դա խնդիրներ կստեղծի միայն Հայաստանի համար", - նշել է նա։
Բացի Ռուսաստանից, Աֆղանստանից ԱՄՆ-ի հեռանալը, քաղաքագետի գնահատմամբ, լրջագույն խնդիրներ կստեղծի Իրանի եւ Չինաստանի համար, ինչը պայմանավորված կլինի թալիբների ոգեշնչմամբ, որոնք իրենց ամերիկացիների նկատմամբ հաղթող են պատկերացրել: Մասնավորապես, շիա Իրանը կբախվի սուննի թալիբների ատելությանը, որը գերազանցում է, նույնիսկ, քրիստոնյաների նկատմամբ նրանց ատելությունը: Չինաստանն, իր հերթին, ըստ նրա կանխատեսումների, շատ շուտով կարող է բախվել իր հաղորդակցությունների անվտանգության ապահովման խնդիրների:
Մեկնաբանելով Հայաստանի սահմաններին չդադարող գնդակոծությունները եւ հայ զինծառայողների սպանությունները, որոնք նախաձեռնել է վերջնականապես սանձը կտրած Ադրբեջանի դինաստիական ռեժիմը, Պապյանը նշել է, որ դրա նպատակը Հայաստանի անցյալ տարվա ռազմական պարտության իրավական ամրագրումն է, այսպես կոչված, "հաշտության պայմանագրի" տեսքով:
"Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման և սահմանագծման իրականացումը Հայաստանի համար կավարտվի Արցախից իրավական հրաժարումով՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության իրավաբանական ամրագրման միջոցով։ Եւ՝ ոչ ավելին: Հայաստանին այս ամենը բացարձակապես ոչինչ չի տա։ Եվ, միաժամանակ, նախադեպ կստեղծի Հայաստանի կողմից եւս մեկ ապօրինի սահման ճանաչելու համար՝ Թուրքիայի հետ սահմանը։ Ընդ որում, վերջինը կնշանակի հայության հրաժարում իր բոլոր իրավունքներից, որոնց իրացման համար հայ ժողովուրդը պայքարում է վերջին 100 տարվա ընթացքում", - ամփոփել է Պապյանը։