Արմինֆո. Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու բարեկամներն այսօր հերթական անգամ բողոքի ակցիա են անցկացրել Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց: Նրանք պահանջել են վերադարձնել իրենց զավակների աճյունները, կամ, եթե նրանք ողջ են, կազմակերպել որոնողական աշխատանքներ:
Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ծնողները նույնպես փաստեր են հավաքում, թե որտեղ կարող են լինել իրենց որդիները, իրականացնում են որոնողական աշխատանքներ՝ ԱԻՆ եւ ԿԽՄԿ աշխատակիցների հետ միասին: Նրա ասելով, անհետ կորած 21 զինծառայողներից ընդամենը 9-ի դիերն են հայտնաբերվել, որոնցից միայն 8-ն են նույնականացվել։
Ծնողները հրամանատարներին մեղադրում են իրենց ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեջ ։ Նրանք դժգոհություն են հայտնում այն հանգամանքից, որ մինչ այժմ ՀՀ պաշտպանության նախարարությունը չունի ոչ ռազմագերիների, ոչ անհետ կորածների պատշաճ ցուցակ:
Նրանք նաև հայտարարել են, որ եկել են ԱԱԾ, քանի որ մյուս կառույցներում (Պաշտպանության նախարարություն, Գլխավոր դատախազություն և այլն) ոչինչ չեն անում և անընդհատ մի կառույցից պատասխանատվությունը տեղափոխում են մյուսին։ Ծնողներից մեկն էլ նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրենց հետ զրույցում հավաստիացրել է, թե անձամբ է զբաղվում ռազմագերիների և անհետ կորածների հարցերով, բայց, գործնականում, այդ հարցով ոչ ոք չի զբաղվում: