Արմինֆո. Հայաստանն օգնություն է առաջարկել բարեկամ Հունաստանին հրդեհաշիջման գործում։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Հայաստանի ԱԳՆ-ը, հայտարարել է գերատեսչության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
«Խորապես մտահոգված ենք բարեկամ Հունաստանում բռնկված անտառային հրդեհների պատճառով ստեղծված իրավիճակով և համերաշխություն ենք հայտնում եղբայրական հույն ժողովրդին այս դժվարին ժամանակներում: Նշեմ, որ մենք կապ ենք հաստատել մեր հույն գործընկերների հետ և օգնություն առաջարկել։ Հունաստանն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանին՝ առաջարկած օգնության ու պատրաստակամության համար, և միաժամանակ տեղեկացրել, որ նկատի ունենալով, որ երկրում հրդեհների հետ կապված իրավիճակը ճգնաժամայինից անցել է համեմատաբար մեղմ փուլ, առայժմ հավելյալ օժանդակության անհրաժեշտություն չկա։
Իհարկե, մենք կշարունակենք ուշի-ուշով հետևել իրավիճակին և անհրաժեշտության դեպքում անմիջապես աջակցության ձեռք կմեկնենք եղբայրական հույն ժողովրդին», - նշել է մամուլի քարտուղարը։
Հիշեցնենք, որ Հունաստանում հուլիսի 29-ից մինչեւ օգոստոսի 12-ը ուժեղ անտառային հրդեհներից այրվել է 100,8 հազար հեկտար տարածք: Այդ մասին վկայում են Անտառային հրդեհների եվրոպական տեղեկատվական համակարգի՝ EFFIS-ի տվյալները: Իսկ տարեսկզբից ի վեր հրդեհներ են բռնկվել 114 300 հեկտար տարածքում, որոնց ավելի քան կեսը բաժին է ընկել Էվբեյա կղզուն: Այժմ Հունաստանի մեծությամբ երկրորդ կղզում կրակի տարածմանը դիմակայում է ավելի քան 800 մարդ: Եվս 680 հրշեջ, այդ թվում ՝ արտասահմանից, մարում են Պելոպոնես թերակղզում բռնկված հրդեհները։ Երկրում հրդեհների հետևանքով առնվազն երեք մարդ Է զոհվել, հարյուրավոր մարդիկ կորցրել են իրենց տները: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը վերստին բարձր ջերմաստիճանների եւ հրդեհների տեւական շրջանը կապել է կլիմայի փոփոխության հետ: Խոսքը "հունական ֆենոմենի" մասին չէ, հայտարարել է կառավարության ղեկավարը ՝ նկատի ունենալով համանման իրավիճակը Հարավային Եվրոպայի մի շարք այլ պետություններում: