
Արմինֆո. 2018 թվականին Հայաստանում իշխանափոխությունն, առաջին հերթին, պայմանավորված էր պետության գաղափարախոսության սնանկությամբ։ Եվ արդեն հետագայում այդ ամենը միասին հանգեցրեց Արցախի 44-օրյա պատերազմում պարտության։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
"Կարծում եմ, որ ես ոչ մի նոր բան չեմ ասի, փաստելով, որ ցանկացած քաղաքականության հիմքում միշտ պետք է լինի գաղափարախոսություն: Եվ, եթե չկա հենց այդ աշխարհայացք ձևավորող գաղափարախոսությունը, ապա չկան և ապրիորի չեն կարող լինել նաև արդյունավետ քաղաքական կուսակցություններ։ Հետևաբար, որպես հետևանք, չի կարող լինել նաև կանխատեսելի ապագա ունեցող պետություն։ Նման պայմաններում պետությունը կարող է գոյություն ունենալ միայն իներցիայով ՝ բացառապես արտաքին սպառնալիքների բացակայության պայմաններում", - ընդգծել է նա։
Անդրադառնալով վերը նշված գործընթացներն այսօր շարունակելու փաստին՝ քաղաքագետը նշել է, թե, որպես հետևանք, Հայաստանն այսօր կառավարում է գաղափարախոսությունից և աշխարհայացքից զուրկ իշխանությունը, որին դիմակայում է իր գաղափարական բովանդակությամբ նույնպիսի ընդդիմությունը: Այլ խոսքով՝ թե մեկի, թե մյուսի գոյությունն իներցիոն բնույթ է կրում։
Այս լույսի ներքո՝ Դանիելյանն ընդգծել է, որ գաղափարախոսության բացակայության պայմաններում՝ զուգընթաց բոլոր գործոններով, գործող իշխանությունն ու ընդդիմությունն այսօր փորձում են սեփական գոյության փաստը հիմնավորել բացառապես միմյանց դեմ պայքարի միջոցով: Այլ կերպ ասած ՝ շարունակում են սեփական լեգիտիմությունը փնտրել միմյանց մեջ։ Եվ արդեն գրեթե բոլորը Հայաստանում կամ հասկացել են, կամ, պարզապես, զգացել են, որ քաղաքական վերնախավն ընդամենը զբաղվում է քաղաքական պայքարի իմիտացիայով։
Այս համատեքստում Դանիելյանը համոզված է, որ "ներկաների" հետ "նախկինների" այս ողջ "պայքարի" արդյունքում ոչ մեկը, ոչ մյուսը չունեն և չեն կարող ունենալ կայուն ընտրազանգված երկրի ներսում և մեղսունակ գործընկերներ՝ երկրից դուրս։ Առաջին հերթին ՝ սեփական դատարկության, կանխատեսելիության և, համապատասխանաբար, հասկացողության բացակայության պատճառով։ Նրա կարծիքով ՝ այս ամենը միասին թե մեկին, թե մյուսին վեր է ածում բացառապես արտաքին ուժերի կողմից կարճաժամկետ օգտագործման գործիքի։
"Եվ վերջում եւս մեկ ոչ պակաս կարեւոր հանգամանք. այս բոլոր անմխիթար իրողությունները խորանում են եւս մեկ, շատ կարեւոր գործոնով։ Ամեն բանից զատ՝ քաղաքական կուսակցությունների գաղափարախոսությունն ու աշխարհայացքը կարևոր նշանակություն ունի նրանց ներքին կազմակերպման, ներկուսակցական կյանքում մոտիվացիայի ձևավորման, արդարության, հստակ կանոնադրության վրա հիմնված միջանձնային առողջ հարաբերությունների ձևավորման գործում։ Եվ միայն մրցակցությունն այնպիսի քաղաքական ուժերի միջև, որոնք հասարակությանն առաջարկում են իրենց արժեքները, կազմակերպման եղանակներն ու ձևերը, կարող է արդարացնել դրանց գոյության բուն փաստը", - ամփոփել է Դանիելյանը ։