Արմինֆո.Օգոստոսի 9-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։
ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Արմեն Գրիգորյանը զրուցակցին ներկայացրել է Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական ԶՈՒ ներթափանցման արդյունքում ստեղծված իրադրությունը, ինչպես նաև Ադրբեջանի պարբերական սադրանքները՝ այդ թվում Նախիջևանի տարածքից։ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգային և կովկասյան տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հայկական կողմի գնահատականների շրջանակներում Արմեն Գրիգորյանը ուշադրություն է հրավիրել Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքներին և դրանցից բխող սպառնալիքներին։ Երկուստեք շեշտվել է իրավիճակի դեէսկալացիայի անհրաժեշտությունը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և ընդգծվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արցախյան հիմնահարցի համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը։
Կողմերն անդրադարձել են նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությանը։ Արմեն Գրիգորյանը տեղեկացրել է հայկական նախագահության հայեցակարգային մոտեցումների մասին՝ շեշտելով, որ առաջնահերթություններից են լինելու կազմակերպության արդյունավետության բարձրացումը և անդամ պետությունների կարիքներին ժամանակին արձագանքելու մեխանիզմների ամրապնդումը։
Ստանիսլավ Զասն իր հերթին ընդգծել է ՀԱՊԿ կատարելագործման կարևորությունը և վստահեցրել, որ ՀԱՊԿ աշխատանքային մարմինները կներդնեն բոլոր ջանքերը հայկական կողմի հայտարարվելիք առաջնահերթությունները կյանքի կոչելու համար։
ՀՀ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունն, իր հերթին, հաղորդում է, որ ԱԽ գրասենյակում տեղի է ունեցել գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանի հանդիպումը Հայաստանում աշխատանքային այցով գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, դրա շուրջ վերջին զարգացումները և ՀԱՊԿ շրջանակներում առկա մեխանիզմների օգտագործման հնարավորությունները իրավիճակի խաղաղ կարգավորման գործընթացում: Զրուցակիցները անդրադարձել են նաև ս.թ. սեպտեմբերին Տաջիկստանում կայանալիք ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում քննարկվելիք փաստաթղթերի նախագծերի համաձայնեցման, ինչպես նաև Կազմակերտությունոմ Հայաստանի առաջիկա նախագահության առաջնահերթությունների նախապատրաստման ընթացքին: