


Արմինֆո.Ադրբեջանական զինծառայողները դիտավորյալ հանցավոր արարքներով հրդեհում են ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղի անմիջական հարևանությամբ մարդկանց սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև դրանց անմիջական հարևանությամբ հողատարածքները: Այդ մասին ասվում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունում:
«Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը փոքր ու խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակոցներ են արձակում Երասխի անմիջական հարևանությամբ և հենց գյուղի ուղղությամբ: Գյուղը գտնվում է ադրբեջանական դիրքերից մոտ 1 կմ հեռավորության վրա:
Ադրբեջանական զինված ուժերի կրակոցները կոպիտ կերպով խախտում են Երասխ և հարակից գյուղերի բնակիչների իրավունքները:
Հրդեհների պատճառով Երասխ և հարակից գյուղերի բնակիչները չեն կարողանում բնականոն գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնեն: Դրանից բացի, կրակոցներն ու հրդեհները խաթարել են մարդկանց խաղաղ և բնականոն կյանքը Երասխում հատկապես», - գրել է մարդու իրավունքների պաշտպանը «Ֆեյսբուքի» իր էջում:
Նախօրեին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ օգոստոսի 6-ի ժամը 18։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, կեսօրին ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքից հետո կայունացել է, հակառակորդի կրակահերթերից միջդիրքային տարածքում բռնկված հրդեհը մարել է, հայկական կողմից տուժածներ չկան։



