Արմինֆո. Ֆրանսիայի նախագահ Էմաաանուել Մակրոնը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Մակրոնն այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Հեռախոսազրույցի ժամանակ:
«Հանրապետության նախագահը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ: Նախագահը շնորհավորել է Վարչապետին վերանշանակման կապակցությամբ։ Ի պատասխան Հայաստանի խնդրանքին, Հանրապետության նախագահը իրազեկել է առաջիկա շաբաթներին COVID-19-ի դեմ պատվաստանյութի 200 000 դեղաքանակ ուղարկելու Ֆրանսիայի պատրաստակամության մասին: Պատվաստանյութը կուղարկվի Act-A նախաձեռնության շրջանակում և մեր եվրոպացի գործընկերների հետ համաձայնեցված:
Պարոն Մակրոնը և պարոն Փաշինյանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին աճող լարվածությանը: Հանրապետության նախագահը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և հիշեցրել տարածաշրջանում կայունության վերահաստատման համար բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը: Ֆրանսիայի Հանրապետության նախագահը և Հայաստանի վարչապետը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը Մինսկի խմբի շրջանակում», - հաղորդում է դեսպանության մամուլի ծառայությունը: