Արմինֆո. Ռուսաստանին հարկավոր է ողջ Հարավային Կովկասը՝ ներառյալ Վրաստանը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռազմավարական վերլուծության վրացական կենտրոնի ավագ վերլուծաբան Գելա Վասաձեն։
"Այս լույսի ներքո՝ Հայաստանի եւ Ադրբեջանի տեղամասերում հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարն այս փուլում, առանց դրան Վրաստանի մասնակցության, Մոսկվային բոլորովին չի հետաքրքրում։ Մոսկվային հետաքրքրում է ողջ Հարավային Կովկասի նկատմամբ վերահսկողությունը։ Իսկ "փակ" Վրաստանի, երկաթգծի աբխազական փակ հատվածի պայմաններում նրա հաղորդակցային նախագծերը կմնան միայն թղթի վրա և հետաքրքրություն չեն ներկայացնի, նույնիսկ, հենց Ռուսաստանի համար", - համոզված է վերլուծաբանը։
Ըստ Վասաձեի ՝ այսօր տարածաշրջանի ապագայի վերաբերյալ գոյություն ունի երկու նախագիծ՝ ռուսական և թուրքական։ Սակայն, այս փուլում իրականացվում է միայն ռուսական նախագիծը, և Մոսկվան ակտիվ քայլեր է ձեռնարկում Հարավային Կովկասի նկատմամբ սեփական վերահսկողությունն ամրապնդելու և դեպի Վրաստանընդլայնելու ուղղությամբ։
Նշելով վերջերս Եվրախորհրդի նախագահ Շարլ Միշելի Թբիլիսի այցի արդյունքում Թբիլիսիի եւ Բրյուսելի միջեւ որոշակի դժվարությունների առաջացումը՝ Վասաձեն ընդգծել է Վրաստանը ռուսական ազդեցության ուղեծիր վերադարձնելու սցենարի ծայրահեղ քիչ հավանական լինելը: Նրա գնահատմամբ՝ ռուսական ճանապարհին այսօր Վրաստանում շատ խոչընդոտներ կան։ Սակայն Մոսկվան Վրաստանում որոշակի գործընթացներ է նախաձեռնում, չնայած այն հանգամանքին, որ Վրաստանը նախկինի պես աջակցություն է ցուցաբերում ԱՄՆ-ին։
Վերադառնալով թուրքական նախագծին՝ Վասաձեն ընդգծել է, որ 44-օրյա պատերազմի արդյունքում Թուրքիան էապես ակտիվացրել է Հարավկովկասյան հատվածում Մեծ Թուրանի իր ծրագրի իրականացումը։ Ինչը միանգամայն հասկանալի պատճառներով փորձում է կանխել Մոսկվան, այդ թվում ՝ Հարավային Կովկասում սեփական վերջին գործողություններով։
Վերլուծաբանի գնահատմամբ ՝ կովկասյան ուղղությամբ թուրքական էքսպանսիոնիզմի կանխարգելման և սահմանափակման հարցում Ռուսաստանի շահերին նման շահեր ունի Ֆրանսիան։ Ըստ Վասաձեի ՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև Հարավային Կովկասի վերահսկողության հարցում ընտրության դեպքում Փարիզը միանշանակ կընտրի Մոսկվան։ Ընդ որում, Ֆրանսիան, նրա կարծիքով, միանշանակ, ինքնուրույն խաղ է խաղում տարածաշրջանում և ակտիվորեն փորձում է վերադառնալ համաշխարհային գերտերությունների թվին, սակայն չի պատրաստվում Հարավային Կովկասում սեփական ռազմական ներկայություն հաստատել։
"Հասկանալի է, որ Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև հարավկովկասյան համագործակցությունը իրավիճակային բնույթ ունի։ Այնուամենայնիվ, իմ կարծիքով, նրանց գործողությունների միջեւ միանգամայն հնարավոր է ակնկալել սինխրոնիզացման որոշակի աստիճան: Ֆրանսիայի եւ Ռուսաստանի միջեւ բախումներ չեն լինի, պարզապես, այն պատճառով, որ դա չի բխում Ֆրանսիայի ղեկավարության շահերից։ Այս լույսի ներքո՝ ես Փարիզից ակնկալում եմ բացառապես քաղաքական աջակցություն Երևանին։ Ինչն ինքնին արդեն քիչ չէ։ Ամեն դեպքում, Ֆրանսիան Հայաստանի համար պահեստային ելք է։ Եվ Հայաստանի ղեկավարությունը, իմ կարծիքով, պետք է կառչի Երեւանում Ֆրանսիայի դեսպանի վերջին բոլոր առաջարկներից եւ հնարավորինս խորացնի ու զարգացնի Փարիզի հետ հարաբերությունները", - ամփոփել է Վասաձեն։