Արմինֆո. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Բորիս Սահակյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար: Այդ մասին հաղորդում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը։
2021 թվականի հուլիսի 27-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ՀՀ ԱԳՆ քարտուղարության խորհրդական Բորիս Ռուբենի Սահակյանին շնորհվել է արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ արտաքին քաղաքական գերատեսչության նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը, ով այդ պաշտոնում նշանակվել էր 2018թ. մայիսի 22-ին, պաշտոնանկ էր արվել հուլիսի 19-ին: Դեռ 2021 թ. փետրվարին ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Մելիքյանը պաշտոնից կհեռացվի կոռուպցիոն սխեմաների պատճառով: Նշվում էր, որ հենց ԱԳՆ գլխավոր քարտուղարն էր "արտահոսք" կազմակերպել "Իմ քայլը" խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին ԱՄՆ դեսպան նշանակելու հնարավորության մասին ՝ հանրային դժգոհություն առաջացնելու և այդ նշանակումը խափանելու նպատակով։