Արմինֆո.Հետխորհրդային տարածքում Թուրքիայի կայսերական նախագծերը միայն Ադրբեջանով չեն սահմանափակվի։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի արևելագետ, Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։
"Այսօր Ռուսաստանն Էրդողանի համար ԱԷԿ է կառուցում։ Մատակարարում է գազ և նավթ, և, նույնիսկ, Ս-400 համալիրներ։ Մենք առևտուր ենք անում Էրդողանի հետ։ Իսկ Էրդողանն այդ ժամանակ կայսրություն է կառուցում։ Զգու՞մ եք տարբերությունը: Թուրքիան արդեն ստացել է վրացական Աջարիան՝ այդ նահանգում թուրքական կապիտալի ներդրումների միջոցով։ Ի շահ՝ Վրաստանը պատրաստ է վաճառել ամեն ինչ, ինչ ասես և ում ասես, միայն թե գործ չունենա Ռուսաստանի հետ։ Թուրքիան, իր հերթին, հաստատվել է Աջարիայում, չցանկանալով թույլ տալ, որ Վրաստանը Ռուսաստանի հետ աշխատի տնտեսական ոլորտում", - նշել է նա։
Սատանովսկու գնահատականներով՝ վաղ թե ուշ, բայց բոլորն ստիպված կլինեն կողմնորոշվել։ Ինչը, դատելով կիրիլիցայից լատինատառի անցումից, ռուսաց լեզվի դեմ պայքարն ու ռուսալեզու բնակչության ողողումը, արդեն անում են որոշ նախկին եղբայրական հանրապետություններ։ Թուրքիան, նրա կարծիքով, այսօր անում է այն ամենն, ինչ հնարավոր է՝ Ղազախստանում և Միջին Ասիայում սեփական ազդեցությունն ավելի մեծացնելու նպատակով։ Ավելին, Էրդողանը, նրա կարծիքով, իրեն ավելի քան վստահ է զգում նաև հենց Ռուսաստանի թյուրքական շրջաններում։
"Այո, մենք Էրդողանին թույլ չենք տվել տապալել Ասադին, պահում ենք Սիրիան, անիվների մեջ փայտեր ենք դնում Լիբիայում, թույլ չենք տվել լիովին գրավել Ղարաբաղը։ Բայց Ադրբեջանում նա շատ հեռուն է գնացել. Ադրբեջանը, գործնականում, թուրքական է, և Էրդողանը դա բացահայտ ցուցադրում է։ 44-օրյա պատերազմի արդյունքում ադրբեջանական բանակը անցել է Թուրքիայի լիակատար վերահսկողության տակ։ Վախենում եմ, որ Իլհամ Ալիևը դա դեռ չի հասկացել, բայց եթե Էրդողանին հանկարծ ինչ-որ բան դուր չգա, Ադրբեջանի հաջորդ ղեկավարի անունը որոշելու է հենց նա։ Հենց սա է "մեկ ազգ - երկու պետությունը"՝ գործողության մեջ", - ընդգծել է արեւելագետը։
Մեկնաբանելով Թուրքիայի եւ Ադրբեջանի միասնական բանակի ստեղծման հեռանկարները' Սատանովսկին ենթադրել է, որ ռուսական պատերազմների, տարածքների յուրացման եւ մերձկասպյան պետականաշինության 300-ամյա պատմությունը վերադարձել է ելման փուլ: Եվ Ռուսաստանը հեռանկարում, ըստ նրա կանխատեսումների, ստիպված կլինի կրկին վարել այդ պատերազմները։ Սակայն՝ նոր մակարդակի և բոլորովին այլ աշխարհաքաղաքական իրավիճակում։ Որքան էլ հակառակ հեռանկարների մասին պնդեն ազատական հասարակայնության ներկայացուցիչները և բոլոր տեսակի ֆինանսիստները, տնտեսագետներն ու մենեջերները։
Հուլիսի 29-ին Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Գյանջայում հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը բանակցում են միասնական բանակ ստեղծելու շուրջ: Նույն օրը նույն լրատվամիջոցները հաղորդել են, թե Շենթոփի հայտարարությունը "սխալ է հասկացվել թարգմանության սխալի պատճառով": Այնուհետև տարածվեց թարգմանության նոր տարբերակը. "Համատեղ միջոցառումներ են նախատեսված նաև ռազմական համագործակցության ոլորտում։ Այդ համաձայնագրերի շուրջ աշխատանք է տարվում։ Մեր հիմնական կարգախոսն է՝ մեկ ազգ և երկու պետություն։ Դրա շուրջ բազմաթիվ բանակցություններ և պայմանավորվածություններ են եղել"։ "Ոչ մի նոր բան չեմ ասի, բայց, գիտեք, որտեղից էլ որ հեռանա Ռուսաստանը, այնտեղ միշտ ինչ-որ մեկն անպայման հայտնվել է։ Արեւելյան Եվրոպայի երկրներում, այժմ էլ՝ ահա հետխորհրդային տարածքում: Եվ այդ մեկը սրբել է կամ կսրբի այն ամենը, ինչ հիշեցնում է Ռուսաստանի մասին։ Իսկ հետո արդեն ձեռնամուխ կլինի բուն Ռուսաստանի բաժանմանը, քանի որ նրա սեփական ղեկավարությունը պատրաստ չէ ճիշտ հետեւություններ անել եւ վերականգնել երկիրը Խորհրդային Միության փլուզումից հետո ՝ որպես իր նախորդների գործունեության արդյունք", - ամփոփել է Սատանովսկին։