Արմինֆո. Սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով հայ ռազմագերիների հետապնդումն Ադրբեջանում Ժնևի III կոնվենցիայի խախտում է (ռազմագերիների հետ վարվելու մասին կոնվենցիա, 1949թ. - խմբ.): Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Գեորգի Գոգիան։
Մասնավորապես, նա ընդգծել է, որ գերեվարված զինծառայողներին պետք է տրվի ռազմագերիների կարգավիճակ, որոնք մարտական գործողությունների ավարտից հետո պետք է վերադարձվեն հայրենիք:
Վկայակոչելով Ժնևի 3-րդ կոնվենցիայի 4-րդ հոդվածը՝ իրավապաշտպանը շեշտել է, որ ռազմագերիները հակամարտության կողմերից մեկի զինված ուժերի զինծառայողներն են, ինչպես նաև աշխարհազորայիններ կամ կամավորական ջոկատները, այդ թվում՝ սեփական տարածքում կամ դրա սահմաններից դուրս գործող դիմադրության կազմակերպված շարժումների անդամներ:
Նշենք, որ հուլիսի 23-ին Ադրբեջանում ավարտվել է շինծու մեղադրանքներով հարուցված 13 հայ ռազմագերիների դատավարությունը ։ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 13 հայ ռազմագերիների դատապարտել է 6 տարվա ազատազրկման։ Բացի այդ, հուլիսի 28-ին դատավճիռ է կայացել Դավիթ Դավթյանի եւ Գեւորգ Սուջյանի քրեական գործով, ովքեր մեղադրվում են
"Ադրբեջանի դեմ լրտեսության" համար: Վերջիններս դատապարտվել են 15 տարվա ազատազրկման։