Արմինֆո.Հայաստանի կառավարությունը 36.8 մլն դրամ կտրամադրի Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը, որն իր հերթին միջոցները կուղղորդի "Կինոյի զարգացման ոսկե ծիրան" ՀԿ-ին' տարածաշրջանի ամենահեղինակավոր "Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնի անցկացնելու համար: Նշենք, որ այս տարի կինոփառատոնը տեղի կունենա հոկտեմբերի 3-10-ը:
Հիշեցնենք, որ "Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնը Երեւանի խոշորագույն մշակութային իրադարձություններից մեկն է, որը հիմնադրվել է 2004 թվականին "Ոսկե ծիրան" կինոյի զարգացման հիմնադրամի եւ կինոքննադատների եւ լրագրողների հայկական ասոցիացիայի կողմից: "Ոսկե ծիրանի" հիմնադիրներն են կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, կինոքննադատներ Միքայել Ստամբոլցյանը և Սուսաննա Հարությունյանը:
Կինոփառատոնն անց է կացվում հայ կինոարվեստը արժևորելու, հայ կինոարվեստը հանրահռչակելու, զարգացնելու, միջազգային համագործակցությունը խթանելու, հայ կինոքննադատի արժեհամակարգն ու ճաշակը ձևավորելու, հայկական կինոարտադրանքը տարածելու, մշակութային կյանքը հանրահռչակելու, զբոսաշրջությունը, փոքր և միջին բիզնեսը խթանելու համար: