Արմինֆո. Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում սկսվել է հայ բլոգեր Գեւորգ Սուջյանի դատավարությունը, որին ադրբեջանցի զինծառայողները գերեվարել են Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ընթացքում:
Հիշեցնենք, որ Գեւորգ Սուջյանից զատ գերության մեջ է հայտնվել նաեւ նրա ընկեր Դավիթ Դավթյանը։ Նրանք երկուսն էլ Հայաստանի քաղաքացիներ և քաղաքացիական անձինք են՝ "Նոր Հայաստան Հայրենիք - Սփյուռք" բարեգործական հասարակական կազմակերպության անդամներ։
Սուջյանը պատերազմի ժամանակ մարդասիրական օգնություն է ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, իսկ մարտերի դադարեցումից հետո որոշել է տեղում ծանոթանալ իրավիճակին։ Չնայած ադրբեջանական կողմը հրաժարվում է հայտնել, թե ինչ հանգամանքներում են գերի ընկել քաղաքացիական անձինք, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տեղեկատվության համաձայն, դա տեղի է ունեցել Լաչինի միջանցքի տարածքում գտնվող "Բերձոր - Շուշի" ճանապարհահատվածում, որը նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի "տառով" ենթակա չէր ադրբեջանցի զինվորականների վերահսկողությանը:
Ինչպես նշում են դիտորդները Հայաստանում, ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ Իլհամ Ալիեւի կազմակերպած դատավարությունների խայտառակ ֆարսը, որը խստորեն հակասում է Արցախի շուրջ եռակողմ պայմանավորվածություններին, ուղղված է Հայաստանի նկատմամբ ճնշման խստացմանը' ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո կարգավորման միջազգայնորեն ճանաչված ձեւաչափի շրջանցմամբ հաշտության համաձայնագիր ստորագրելու նպատակով: Այդ իսկ պատճառով, նույնիսկ, Հայաստանի բլոգերները եւ բարեգործական առաքելությունների ներկայացուցիչները Բաքվի դատարանի առջեւ են կանգում "առանձնապես ծանր հանցագործությունների" հոդվածներով։