
Արմինֆո.Այսօրվա դրությամբ արդեն ավելի քան ակնհայտ է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակում հավաքական Արևմուտքի՝ ԱՄՆի, այժմ արդեն ԵՄ-ի ակտիվ ներգրավման փորձերի աշխուժացումը՝ այն հավասարակշռության հանգեցնելու նպատակով։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել անկախ վերլուծաբան Սարո Սարոյանը։
"Անհրաժեշտ է հասկանալ, որ Հարավային Կովկասում ներկայիս հաշվեկշիռը որոշում են բացառապես Ռուսաստանն ու Թուրքիան։ Ըստ այդմ, այդ երկկողմանի հաշվեկշիռը աշխարհաքաղաքական չափման մեջ, աշխարհաքաղաքական պրոյեկցիայում անհավասարակշռության դրսևորում է։ Վերջին 100 տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ Մոսկվան եւ Անկարան փորձում են իրենց հաշվեկշիռը պարտադրել մյուս աշխարհաքաղաքական խաղացողներին, պարտադրել այն ողջ աշխարհին", - ընդգծել է նա։
Սակայն իրավիճակը, վերլուծաբանի գնահատմամբ, հեռու է կարգավորումից և վերջնական ձևավորման ու ամրագրման փուլ դուրս գալուց։ Մասնավորապես, նման հաշվեկշռի դեմ հանդես է գալիս ԱՄՆ-ի գլխավորած հավաքական Արևմուտքը։ Ռուս-թուրքական հաշվեկշռի, աշխարհաքաղաքական անհավասարակշռության խախտմամբ, վերջնական ոչնչացմամբ, նրա կարծիքով, շահագրգռված է նաև Թեհրանը։
Միջազգային հարաբերությունների ոլորտում նման տրամադրությունների առկայությունը, Սարոյանի գնահատմամբ, Հայաստանի համար հնարավորություններ է ստեղծում ձեւավորելու եւ որդեգրելու սեփական ուղի, իրագործելու աշխարհաքաղաքական իրավիճակի սեփական տեսլականը: Եվ ահա այստեղ ողջ հարցը, նրա կարծիքով, հենց այդ տեսանկյունից խնդիրը դիտարկելու Երեւանի ունակության առկայությունն է կամ՝ բացակայությունը։
"Խոսքը վերաբերում է, ոչ ավել, ոչ պակաս, 44-օրյա պատերազմի արդյունքում առաջացած Հայաստանի անվտանգության ապահովման վակուումը անվտանգության այլընտրանքային բաղադրիչներով համալրելու Երևանի ցանկության, համապատասխանաբար, կարողության ձևավորմանը։ Կարևոր է ընդգծել, որ այստեղ խոսք է գնում ինչպես հավաքական Արևմուտքի, այնպես էլ Իրանի և Հնդկաստանի մասին։ Դժբախտաբար, Պուտինի հետ Փաշինյանի վերջերս կայացած հանդիպումը հերթական անգամ ցույց տվեց, որ Հայաստանին, իրոք, ստիպում են համաձայնել Մոսկվայի եւ Անկարայի ուրվագծած որոշումներին", - ընդգծել է նա։
Վերջինը, վերլուծաբանի կարծիքով, Փաշինյանին թողնում է երկու հնարավոր ճանապարհ։ Առաջինը՝ սպասարկել Մոսկվայում ձևավորված գիծը, որը անձամբ նրա համար կավարտվի նրա ճանաչմամբ որպես ոչ միայն անցյալ տարվա պատերազմի արդյունքների հիմնական մեղավորներից մեկի, այլև որպես բացարձակ, միակ մեղավոր ու պատասխանատու Հայաստանի պետական շահերի ոտնահարման համար՝ ի շահ ռուս-թուրքական հաշվեկշռի։ Եվ ահա այստեղ Փաշինյանին, Սարոյանի կարծիքով, արդեն չի օգնի, նույնիսկ, երկրորդ անգամ ստացած լեգիտիմությունը։
"Ռուսաստանի և Թուրքիայի միջև հաշվեկշիռը վերջնականապես ամրացնել, ամրագրել առանց Հայաստանի, առանց Փաշինյանի այսօր դեռ հնարավոր չէ։ Հայաստանի կողմից սեփական անվտանգության ապահովման գործում ճեղքերը լցնելուն ուղղված հստակ գիծ վարելու պայմաններում դա անհնար կլինի։ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ ժամանակը չի սպասում, որ Մոսկվայում իրենից անհապաղ գործողություններ են պահանջում։ Եվ, ի վերջո, չէ որ նա լիովին կարող է այդ գործողություններն իրականացնել ամեն կերպ դանդաղեցմամբ, որպեսզի դա թույլ տա իրեն՝ անձամբ, դուրս գալ առկա իրավիճակից: Կարծում եմ, որ ժամանակ ձգելու հնարավորություն նա ունի։ Այլ հարց է, թե արդյոք նա կօգտվի այդ հնարավորությունից", - ամփոփել է վերլուծաբանը։