Արմինֆո. Արեւմուտքի՝ ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի նկատմամբ այլընտրանքային անվտանգության ապահովման ուղիներ Հայաստանը չունի։ Մենք սեփական անվտանգությունը կարող ենք և պետք է ապահովենք այդ կառույցների և պետությունների հետ ռազմական դաշինքի միջոցով։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը։
"Նման անհրաժեշտության իրացման երաշխիքը հայ քաղաքական մտքի ազատագրումն է կարծրատիպերից, առասպելներից և կապանքներից։ Արդեն այսօր նման կարծրատիպերին հավատարիմ մնալու արդյունքում Հայաստանը դառնում է յուրօրինակ կույր աղիք պետություն ընդհանուր տարածաշրջանային օրգանիզմում։ Աշխարհը կանգնած է մեծ պատերազմների նախաշեմին, իսկ մենք նախկինի պես դատապարտված կանգնած ենք մեջտեղում: Նման պայմաններում Հայաստանը, պարզապես, պարտավոր է կատարել իր քաղաքակրթական ընտրությունը", - կարծում է քաղաքական գործիչը։
Հայրապետյանի գնահատմամբ՝ պսակազերծված միֆերից մեկը Հայաստանի անդամակցությունն էր ՀԱՊԿ-ին և դրա հետ կապված նրա անվտանգության երաշխիքները։ Քաղաքական գործիչն օրերս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի արած հայտարարությունը գնահատում է որպես կազմակերպության կողմից Հայաստանի հանդեպ սեփական պարտավորություններից պաշտոնական հրաժարում: Դրանով իսկ ՀԱՊԿ-ը ցույց տվեց, որ ոչ միայն ավելորդ, այլև Հայաստանի համար շատ վտանգավոր կազմակերպություն է։ Իսկ հաշվի առնելով աշխարհի վերաբերմունքը ՀԱՊԿ անդամ երկրների նկատմամբ՝ վտանգն, ըստ նրա կանխատեսումների, միայն կաճի։
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 5-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հեռախոսազրույցի ընթացքում իր մտահոգությունն է հայտնել հունիսի 3-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ հնչեցված որոշ ձևակերպումների և գնահատականների կապակցությամբ: ԱԽ քարտուղարը համոզմունք է հայտնել, որ ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ, քանզի արդեն տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանի զինծառայողները չեն լքում ՀՀ սուվերեն տարածքը: Հաշվի առնելով, որ ադրբեջանական կողմի գործողությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մի մասի բռնազավթման ակնհայտ փորձ են, Արմեն Գրիգորյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ ՀԱՊԿ քարտուղարության մակարդակով կատարվող ձևակերպումների հարցում անհրաժեշտ է ցուցաբերել զսպվածություն՝ իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված կառուցողական ջանքերը հարվածի տակ չդնելու համար: Զրույցի ավարտին Արմեն Գրիգորյանը ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին տեղում ծանոթանալու համար նպատակահարմար է կազմակերպել ՀԱՊԿ քարտուղարության այց:
Նման պայմաններում Հայաստանի առաջնային պարտականությունը, ըստ Հայրապետյանի, սեփական սահմանների ինքնուրույն պաշտպանությունն է՝ զուգահեռաբար դիմելով ՄԱԿ Անվտանգության խորհրդի եւ իր քաղաքակրթական դաշնակիցների՝ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի օգնությանը։ Նրա կանխատեսմամբ ՝ Ֆրանսիան ի վիճակի կլինի կանգնեցնել տարածաշրջանում Ռուսաստանի կողմից աջակցվող թյուրքական աշխարհընկալումների առաջխաղացումը միայն Հայաստանի ընդառաջ քայլերից հետո։ ԱՄՆ-ում դրա համար ստեղծված բարենպաստ պայմաններում։
"Ստեղծված իրավիճակին ուղղված մեսիջներից մեկը Եվրամիության կողմից Հայաստանի համար նախատեսված օգնության փաթեթն է։ Մենք չպետք է դրանից էյֆորիա ապրենք, հաշվի առնելով, որ համանման օգնություն է ցուցաբերվում նաև Ադրբեջանին։ Սակայն, դրանով իսկ Եվրոպան ուղղակիորեն հայտարարում է մեզ աջակցելու պատրաստակամության մասին։ Ես այդ ֆինանսական օգնության տրամադրումը դիտարկում եմ Հայաստանին աջակցելու Ֆրանսիայի նախագահի առաջարկությունների, ՆԱՏՕ-ի երկրների դեսպանների Սյունիք այցի եւ այլնի շարքում: Բայց, ի մեծ դժբախտություն, մեր իշխանությունները դեռեւս շարունակում են կառչել առասպելներից", - ամփոփել է նա:
Հուլիսի 2-ին Բրյուսելում ներկայացված եւ հաստատված "Արեւելյան գործընկերության" անդամ երկրներում մինչեւ 2025 թվականը Եվրահանձնաժողովի նախաձեռնությունների փաստաթղթի համաձայն՝ ԵՄ-ն առաջիկա 5 տարում Հայաստանին կհատկացնի ավելի քան 1,5 մլրդ եվրո: Միջոցներն ուղղորդվելու են հինգ առանցքային ծրագրերի իրականացմանը, այդ թվում ՝ Սյունիքի մարզի զարգացմանը։